Պետք է վկայի կարգավիճակով հրավիրել ԶՈՒ ԳՇ պետին՝ պարզելու, թե արդյոք իսկապես 10 հազար 993 զինծառայող է մասնակցել քվեարկությանը․ Վարդևանյանը ՍԴ-ում մանրամասնեց «Հայաստան» դաշինքի դիմումը

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով իրենց դիմումի մանրամասները, բացատրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ հուլիսի 9-ի նիստում Վարդևանյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքի դիմումը բաղկացած է երկու խումբ հարցերից՝ քանակական և որակական:

Անդրադառնալով ՀՀ նախագահին ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու միջնորդությանը՝ Վարդևանյանն ասաց. «Ընտրությունները եղել են հունիսի 20-ին, բայց մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսին 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ կարևոր է՝ վերջինս ոչ թե ստանձնել է նախագահի կողմից հայտարարությունները փոխանցելու գործառույթ, այլ հայտարարել է իր անունից:  Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նույն երևույթը չէ: Սահմանադրությամբ գրված է, որ հայտարարողը հանրապետության նախագահն է»:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պնդեց՝ խնդիր է նաև այն, որ ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հրաժարական տալու մասին՝ միանշանակ հայտարարելով, որ շարունակելու է իր պարտականությունները կատարել: Վարդևանյանը նշեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման մասին: «Պատահական չէր, որ հրաժարական ներկայացնելով՝ բոլոր դեպքերում շարունակում է պաշտոնավարել, ամբողջ ընտրությունների գործընթացում ևս լինում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով»,-ասաց Վարդևանյանն ու կարծիք հայտնեց, որ Փաշինյանը ընտրական գործընթացում խախտել է հավասարության սկզբունքը:

Նա նկատեց նաև, որ այս ընտրություններին, նախընտրական գործընթացին որպես երրորդ անձի ուժի ներկայացուցիչ հանդիսացել են վարչապետի պաշտոնատար, ԱԺ նախագահ, նախարարների պաշտոնակատարներ, մարզպետներ և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Խոսելով վարչական ռեսուրսի կիրառումից՝ Վարդևանյանը նշեց, որ ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածուին ուղեկցող ոստիկանական ուժերը ցանկացած հավաքին եղել են հարյուրավոր, հազարավոր: Ըստ նրա՝ դա բնավ պատահական չի եղել: «Վարչական դատարանը մարզպետարանների աշխատակիցների, կրթական հաստատության ներկայացուցչի մասով արձանագրեց վարչական ռեսուրսի չարաշահում»,-ասաց նա:

Անդրադառնալով զինվորականների քվեարկությանը՝ նա ասաց պետք է վկայի կարգավիճակով հրավիրել ԶՈՒ ԳՇ պետին՝ պարզելու, թե արդյոք իսկապես 10 հազար 993 զինծառայող է մասնակցել քվեարկությանը: «Հրապարակված տվյալով մենք գործ ունենք նման թվի հետ»,-ասաց Վարդևանյանն ու հավելեց, որ զինծառայողների ցուցակի վերաբերյալ մի շարք հանգամանքներ կան, որոնք պետք է պատշաճ քննության առարկա դառնան:

Նա շեշտեց, որ զինծառայողների վերաբերյալ գործընթացն ամբողջությամբ գաղտնի է, գաղտնի են այն ընտրատեղամասերը, որտեղ իրենք պետք է քվեարկեն, գաղտնի է, թե ցուցակն ինչպես է ձևավորվում:

18:00-ին նիստն ավարտվեց, ՍԴ նախագահ Դիլանյանը հետաքրքրվեց, թե Վարդևանյանի զեկույցի ավարտին որքան ժամանակ է մնացել, Վարդևանյանն ասաց, որ 40 րոպե:  ՍԴ-ն հնարավորություն տվեց զեկույցն ավարտել հաջորդ օրը:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: