Վաղվա հայոց բանակում Գրիգորի Խաչատուրովն իր արժանի տեղը դեռ ունենալու է. Դավիթ Ջամալյան

Գրիգորի Խաչատուրովը արցախյան առաջին ազատամարտից հետո հրամանատարական սերնդի ամենավառ ներկայացուցիչն է, որը համեմայնդեպս 3-րդ զորամիավորումում ունեցել է տեսանելի արդյունք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Այդ ընթացքում 3-րդ զորամիավորումն էապես բարելավել է իր մարտական կարողությունները: Անգամ անցյալ, նախանցյալ տարիներին մենք դիրքային բարելավումներ ենք ունեցել այնհատվածներում, որտեղ տեւական ժամանակ կարելի էր կարծել, որ ոչինչ անել հնարավոր չի: Նա հանդուգն, պրոֆեսիոնալ, նախաձեռնող հրամանատար էր»,-ասաց նա:

Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովին ազատելու պատճառներին, Ջամալյանն ասաց. «Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո, երբ այս թրքացածների կոնգլոմերատը փորձում է վերարտադրվել, փորձում է զտել եւ զինված ուժերը, եւ պետական բոլոր հաստատությունները, որպեսզի վերահսկելի դարձնի: Խաչատուրովին հեռացնելով երկու խնդիր է լուծում, նախ հանդուգն, կամային որակների տեր վառ անհատականությունը հեռացվում է, որպեսզի իր իշխանությունը զինված ուժերում ավելի հիմնավոր դարձնի, մյուս կողմից գիտենք, որ Տավուշում սպասվում են ցավոտ զիջումներ: Մեկը, ով դրան դեմ կարող էր գնալ՝ հեռացվում է:

Բայց ես վստահ եմ, որ վաղվա հայոց բանակում Գրիգորի Խաչատուրովն իր արժանի տեղը դեռ ունենալու է»:

Հիշեցնենք, որ նախօրեին Գրիգորի Խաչատուրովը ազատվել է Զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: