ՌԴ-ն պատրաստ Է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքի գործարկմանը

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցույց տալու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման աշխատանքի գործարկմանը՝ դրա հետագա սահմանազատմամբ՝ երկրների միջև հակամարության շուտափույթ լուծման նպատակով: Հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես սույն խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման աշխատանքի շուտափույթ գործարկումը՝ դրա հետագա սահմանազատմամբ: Մենք պատրաստ ենք ցույց տալու անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, և ներկայումս շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում՝ լարվածության ապաէսկալացիայի նպատակով»,- ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ ՌԴ-ն չի կարծում, թե երկու երկրների սահմանին ստեղծված իրադրությունը կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանի իրավական ձևակերպման բացակայության հետևանք Է: «Մենք ելնում ենք այն բանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում իրադրությունն ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախդրի կարգավորման հետ և սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետևանք է: Ընդհանուր ֆոննն, անտարակույս, սաստկացնում է կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտը, դա իրոք այդպես է»,- հավելել է Զախարովան: