Ինչ են քննարկել, պայմանավորվել, և էլի ինչ կարող էին քննարկել Նիկոլն ու Պուտինը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, դեռ հուլիսի 4-ից քաղաքական նեղ շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, հուլիսի 7-ին լինելու էր Մոսկվայում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Հայաստանի Հանրապետության և հայության անվտանգության ու շահերի դեմ հերթական գործարքի համար: Խոսքը խաղաղության պայմանագրի ստորագրման մասին չէր, այլ մի փաստաթղթի, որը, ըստ այդմ, կարելի էր նախապատրաստությունը, հիմքը կամ նախերգանքը համարել հետագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրի:

Նույն տեղեկությունների համաձայն, պետք է ստորագրվեր պայմանագիր, որի նախագծի համաձայն, Ադրբեջանին պետք է անցնեն Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (Քյարքին), մի շարք գյուղեր Տավուշի մարզից (ընդհանուր առմամբ 6 կամ 7 գյուղ), և՛ Հայաստանը, և Ադրբեջանն իրենց զորախմբերը պետք է հետ քաշեն Սյունիքում և՛ Գեղարքունիքում այժմ զբաղեցրած դիրքերից, Հայաստանն Ադրբեջանին Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար ճանապարհի անվան տակ Սյունիքում պետք է տրամադրի միջանցք (դե յուրե` ճանապարհ, դե ֆակտո` միջանցք), անդրադարձ պետք է կատարվեր նաև գերիների հարցին և այլն:

Չէր բացառվում, որ պայմանավորվածություն ձեռք կբերվեր Արցախի` Ադրբեջանի տիրացած հատվածում գտնվող ականադաշտերի մնացյալ քարտեզներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչպես նաև պայմանագիրը կետ կներառեր Արցախի խնդրի հետ կապված…

Այս տեղեկատվությունը թվում էր հավաստի, ընդ որում, նկատի ունենալով ոչ միայն այն, որ կապիտուլյանտը նախկինում արդեն մի քանի անգամ գործնականում դեմ էր գնացել Արցախի և Հայաստանի անվտանգությանն ու շահերին, դրանց հաշվին լրջագույն զիջումներ կատարել հօգուտ Ադրբեջանի: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտության գերակայությունը, հուլիսի 6-ի առավոտյան, երբ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն և, ընդհանրապես, ԶԼՄ-ներում տեղեկատվություն չկար Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելու և այնտեղ քննարկվելիք հարցերի վերաբերյալ, հանդես եկա համապատասխան հրապարակմամբ:

Երեկ արդեն պարզ էր, թե վերոնշյալ տեղեկատվության որ մասն էր համապատասխանում իրականությանը, և որ մասը` ոչ: Իրականությանը համապատասխանում էր Նիկոլի` հուլիսի 7-ին Մոսկվա մեկնելը, ինչպես նաև այն, որ այնտեղ անդրադարձ է կատարվել հենց վերոնշյալ հարցերին, համենայն դեպս, դրանց հիմնական մասին:

Կողմերը մասնավորապես քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, այդ համատեքստում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցերը, որոնք ներառում են Ադրբեջանին Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար Սյունիքում ճանապարհի, ավելի ճիշտ, դրա անվան տակ, ըստ էության, միջանցքի տրամադրումը (դե յուրե` ճանապարհ, դե ֆակտո` միջանցք):

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ՀՀ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու, Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու, Գեղարքունիքում ռուսական զինծառայողների միջոցով սահմանային հերթապահություն իրականացնելու, ռազմագերիների հարցերը: Կան հիմքեր` եզրակացնելու, որ քննարկված հարցերի շուրջ կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի բանավոր պայմանավորվածություններ:

Թեև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնողի ու ՌԴ նախագահի միջև երեկ քննարկված հարցերի լայն շրջանակի առնչությամբ հրապարակված որևէ պաշտոնական տեղեկատվության մեջ խոսք չկա Ադրբեջանին Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (Քյարքին) և Տավուշի մարզից մի շարք գյուղեր հանձնելու մասին, սակայն որոշ տեղեկություններից ելնելով, չի կարելի բացառել, որ քննարկվել է նաև այդ հարցը: Նկատի ունենանք նաև այն փաստը, որ Նիկոլի ու Պուտինի երեկվա հանդիպումը և քննարկումներն ունեցել են նաև ԶԼՄ-ներից ու հանրությունից փակ, այսինքն` գաղտնի մաս, նրանց միջև քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ չէ, որ տեղեկատվություն է հրապարակվել:

Իսկ ո՞ր տեղեկություններն է, որ հաստատապես չեն համապատասխանում իրականությանը: Առաջին հերթին` պայմանագրի ստորագրման: Երեկ իսկապես որևէ պայմանագիր չի ստորագրվել, սակայն հայտնի հրաժարականից հետո իրեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակածի ու ՌԴ նախագահի միջև քննարկված հարցերի շուրջ ձեռք են բերվել բանավոր պայմանավորվածություններ, որոնք էլ հենց հիմք են հանդիսանալու առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք (նախատեսված), այսպես կոչված, խաղաղության պայմանագրի (Հայաստանի համար, ըստ էության, հերթական կապիտուլյացիոն փաստաթղթի) կամ դրան նախորդող ինչ-որ փաստաթղթի (փաստաթղթերի) ստորագրման համար:

Որ Նիկոլի ու Պուտինի երեկվա հանդիպումը սոսկ վերոնշյալ հարցերի քննարկմամբ չի սահմանափակվել, կարելի է ենթադրել ՌԴ նախագահի հետևյալ խոսքից.

«Հուսով եմ, այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում այնքան մանրամասն քննարկել ենք, և որոնք պահանջում են մեր լուծումները»:

Իր այս խոսքով Պուտինը շատ պարզ ակնարկել, հասկացրել է, որ հարցերի քննարկման ժամանակն անցել է, քանի որ բոլոր հարցերը մինչ այդ այնքան մանրամասն քննարկվել են, և եկել է արդեն դրանց գործնականում լուծումներ տալու, առնվազն` քննարկված հարցերի շուրջ այժմ թեկուզ բանավոր, բայց հստակ և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու փուլը:

Երկրորդ տեղեկությունը, որը չի համապատասխանում իրականությանը, Մոսկվայում հանդիպումն էր Ալիևի հետ: Այո, Նիկոլն ու Ալիևը երեկ Մոսկվայում ֆիզիկապես իրար չեն հանդիպել, ինչը, սակայն, չի բացառում Նիկոլ- Պուտին հանդիպման փակ մասի ընթացքում հեռախոսակապի կամ տեսակամրջի ձևաչափով Ալիևի մասնակցությունը հիշյալ քննարկումներին, պայմանավորվածություններին:

Եթե նույնիսկ այդպիսի մասնակցություն չի եղել, ապա կարելի է ասել, որ Ադրբեջանի նախագահը մասնակցել է այդ քննարկումներին հեռակա կարգով և անուղղակիորեն` նախապես Պուտինին հայտնելով քննարվելիք հարցերի վերաբերյալ իր հստակ և անխախտ դիրքորոշումը և այն ՌԴ նախագահի միջոցով փոխանցելով Նիկոլին:

Վերոնշյալի առումով հարկ է նկատի ունենալ, որ Նիկոլի ու Պուտինի երեկվա հանդիպումից երկու շաբաթ առաջ` հունիսի 23-ին, ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդման, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսային բանակցություններ են կայացել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացման գործնական կողմերը,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:- Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերը վերականգնելու և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»:

Ուշադրություն դարձրեք վերոնշյալ հեռախոսային բանակցությունների ամսաթվին` հունիսի 23: Սրանից, կարծում եմ, արդեն հասկանալի է, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «հաղթանակի» վերաբերյալ ԿԸՀ-ի պաշտոնական տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո Ալիևը զանգել է Պուտինին, ասել, որ, պարզ է, Նիկոլն արդեն հաղթել է, վարչապետն ինքն է լինելու, կանչիր այդ մորուքավորին, պայմանավորվիր, որ շուտով արդեն լուծենք առկա խնդիրները, նրա հետ միասին փաստաթղթեր ստորագրենք և գործնականում անցնենք այն ամենի կատարմանը, ինչը խոստացել է, ինչի շուրջ համաձայնության ենք եկել ու պայմանավորվել:

Եթե Սահմանադրական դատարանն առաջիկայում մերժի ընդդիմության պահանջը, ապա ՍԴ-ի որոշումից ու Նիկոլի` վարչապետ կարգվելուց կարճ ժամանակ հետո սպասեք նրա հաջորդ այցելությանը Մոսկվա, ոչ միայն Պուտինի, այլև Ալիևի հետ հանդիպմանը և արդեն ոչ թե բանավոր պայմանավորվածություններին, այլ պայմանագրի կամ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը:

 

Արթուր Հովհաննիսյան