ԿԸՀ նախագահը, քարտուղարը և ևս մեկ անդամ կմասնակցեն ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ նիստ, որը բացեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները:

Օրակարգի նախագծում ընդգրկված էր 3 հարց՝ ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմման մասին հարց, Երևանի ավագանու մանդատի տրամադրելու մասին արձանագրության կազմման մասին հարց և ԿԸՀ ներկայացուցիչներին լիազորելու մասին հարց: Օրակարգը հանձնաժողովի անդամների կողմից ընդունվեց միաձայն:

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ԿԸՀ-ում ստացվել էր ՀՀ ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի պահանջներով դադարեցված է համարվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի պատգամավորական լիազորությունները:

Օրակարգային հաջորդ հարցը Երևանի քաղաքապետի կողմից կազմված արձանագրությունն էր, որով հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20 հոդվածի առաջին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը, դադարեցվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ  Սուրեն Օհանյանի ավագանու անդամի լիազորությունները:

«Տվյալ պարագայում մանդատը փոխանցվում է ընտրական ցուցակի հերթական համարի  հաջորդ թեկնածուին, սակայն ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Հակոբ Արսենի Ասլանյանի կողմից ներկայացվել է դիմում, որով Ընտրական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, վերջինի կողմից հայտնվում է  ինքնաբացարկ և հանվում է Երևանի ավագանու անդամի իր թեկնածությունը»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ Երևանի ավագանու անդամի լիազորությունները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին՝ Լիանա Արամի Քերոբյանին:

Օրակարգի վերջին հարցը՝ Սահմանադրական դատարանում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված դիմումները, որոնցով վիճարկվում է ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ  ընտրությունների արդյունքները:

«Ներկայացված դիմումով որպես պատասխանող հանդես է գալիս ԿԸՀ-ն, ինչով պայմանավորված հանձնաժողովը պետք է կայացնի համապատասխան որոշում  և իր ներկայացուցիչներին նշված դիմումի քննության շրջանակներում տալու համապատասխան լիազորություններ ՍԴ-ում հանդես գալու համար: Առաջարկվում է որոշման նախագծով լիազորել ՀՀ ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին  և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին  մասնակցելու ՀՀ ՍԴ-ում մասնակցելու «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության և « Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա  ՀՀ ԿԸՀ 2021 հունիսի 27-ի, ՀՀ ԱԺ 2021 թվականի  հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին վեճի վերաբերյալ  գործերի դատաքննությանը»,- ասաց Մուկուչյանը:

Այս որոշումը ևս ընդունվեց միաձայն: