Աշխատում ենք, որ «AstraZeneca»-ով մեր պատվաստումների սերտիֆիկատները տարբեր երկրներ ճանաչեն․ Ավանեսյան

Կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «AstraZeneca», որն ընդունելի է Եվրամիությունում, և կա «AstraZeneca», որն ընդունելի չէ։ Խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե Եվրամիության երկրները չեն ճանաչում ՀՀ-ում «AstraZeneca»-ով պատվաստումների սերտիֆիկատները և արգելում քաղաքացիների մուտքը։

Անահիտ Ավանեսյանը նշեց՝ աշխատում են, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ձևաչափերը, փոխճանաչման գործընթաց է, իսկ ՀՀ ԱԳՆ-ը կարող է տրամադրել տեղեկություն, թե որ երկրներն են արդեն ճանաչել մեր սերտիֆիկատների ձևաչափերը։

«Հայաստանում օգտագործվում է «AstraZeneca» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է Եվրամիության երկրների համար։ Չկան այդ պատվաստանյութի այլ տեսակներ, կա այդ ընկերության կողմից արտադրված պատվաստանյութ, որը Եվրամիությունն ընդունել է։ Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված «AstraZeneca»»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ բոլոր երկրներն սկսել են իրար հավելվածների փոխճանաչման գործընթացը, ԱԳՆ-ն ամբողջական տեղեկատվություն է տալիս՝ որտեղ է գործընթացն ավարտվել։ «Հայաստանը որևէ բան չի ուշացնում, ընթացք է, որը բոլոր երկրներն այս պահին անցնում են»,-ասաց նա։

Թե երբ է ավարտվելու փոխճանաչման գործընթացը, Ավանեսյանն ասաց, թե մի շարք երկրներում այն արդեն ավարտված է, մի շարք երկրներում պրոցեսներն ընթանում են։ «Եվրամիության երկրներն  իրար միջև էլ դեռ փոխճանաչում են իրենց հավելվածները»,-նշեց նա։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների պատվաստումներն ընդհանուր պատվաստման մեջ փոքր տոկոս են կազմում։

Դիտարկմանը, թե օտարերկրյա քաղաքացիների համար պատվաստումը ևս անվճար է, արդյո՞ք չեն պատրաստվում վերանայել այդ որոշումը, Ավանեսյանն արձագանքեց, թե առաջնորդվում են մարդասիրական սկզբունքներով, ինչն անում են նաև շատ այլ երկրներում։

«Հաշվի առնելով, որ սա հանրային վտանգավոր հիվանդություն է, մենք նման սկզբունք ենք որդեգրել և դա շարունակելու ենք, բայց դա չի նշանակում, որ հետաքրքրվածության աճի ընթացքում մենք մեր քաղաքականությունում շտկումներ չենք մտցնելու»,-ասաց նա։