Դեսպան Բաբախանյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի Հանրապետության նախագահին

Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Յուրի Բաբախանյանը հուլիսի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով հավատարմագրերն է հանձնել նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդին (Shri Ram Nath Kovind)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Բաբախանյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու բարեկամ ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ավանդական ջերմ կապերը նոր լիցք են ստացել և հայ-հնդկական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ «Դեսպանը հավելեց, որ երկկողմ գործակցության ընթացքում, մինչ օրս, բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես՝ կրթության, առողջապահության, մշակույթի և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառներում, սակայն դեռ շատ անելիքներ կան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ իր հերթին Հնդկաստանի նախագահը վստահեցրել է, որ հնդկական կողմը կանի առավելագույնը հնագույն ժամանակներից հաստատված երկկողմ ջերմ կապերն ամրապնդելու և խորացնելու համար։ Նախագահ Կովինդը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հնդիկ ուսանողներին ընդունելու և վերջիններիս որակյալ կրթություն տալու համար։