Ռուս սահմանապահները պիտի գան և տեղակայվեն Կութ գյուղի վերևի հատվածում. գյուղապետ․ Tert.am

Ռուս սահմանապահները դեռ չեն եկել, բայց պիտի գան և տեղակայվեն գյուղի վերևի հատվածում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Պիտի գան, իրենց բազան դնեն, տեղակայվեն: 15 օր առաջ եկել են, տարածքը  ուսումասիրել են, կարծես բերելու են նաև իրենց շարժական տնակները, բայց դեռ  գյուղ չեն հասել, մենք չենք տեսել, այդ ո՞վ է տեսել»,- մանրամասնեց նա:

Սիմա Չիթյանի խոսքով՝ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցնում, զինվորականներին առնչվող գործ է, բայց կարծում են, որ ռուս սահմանապահների տեղակայումը կարող է որոշակի առումով լարվածություն թոթափել:

«Կգան, կտեսնենք՝ ինչ կլինի: Միգուցե, որ ռուս սահմանապահը գա, թեկուզ կիլոմետրով ադրբեջանցիներին մեր տարածքից հեռացնեն, կանգնեն, դա մեր օգտին կլինի, մեզ համար լավ կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մամուլում տեղակություն էր շրջանառվում, որ ռուս սահմանապահները արդեն իսկ Գեղարքունիքի սահմաններին ծառայություն են  իրականացնելու, համացանցում նաև լուսանկար էր հրապարակվել, որոմ երևում էին Գեղարքունիքի ճանապարհին ռուս սահմանապահները: