Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքում է, ֆիքսում են որոշակի վայրեր, որտեղ պետք է սահմանային հերթապահություն իրականացնեն․ Գնել Սանոսյան

Այս պահին վիճակը շարունակում է նույնը մնալ՝ կայուն է, նոր միջադեպեր չկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

«Մայիսի 12-13-ից սկսած՝ իրավիճակի մեծ մասը ձեզ ծանոթ է, մեծ առումով փոփոխություններ չկան՝ բացառությամբ նրա, որ պարբերաբար որոշակի միջադեպեր են գրանցվում։ Նման միջադեպ նաև օրերս ունեցանք, որի հետևանքով թեթև վիրավորում ստացած զինվորական ունեցանք»,-ասաց նա։

Սանոսյանի խոսքով՝ համատեղ պրոցես է ընթանում, որի արդյունքում ռուսական կողմի գործընկերները, զինվորականները կտեղակայվեն սահմանային այդ հատվածի երկայնքով։

«Նրանց մի մասը արդեն մարզում է, և որոշակի փուլից հետո նրանք արդեն կտեղակայվեն սահմանի երկայնքով, ու հայ և ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, ինչից հետո բանակցային պրոցեսը կշարունակվի, և որոշակի հատվածներում ճշգրտումներ կկատարվեն»,-ասաց նա՝ չհստակեցնելով, թե երբ վերջնական կավարտվի ռուս սահմանապահների տեղակայման գործընթացը։

«Այն որևէ ժամկետ չունի, որ ասենք՝ ժամկետն անցել է, սա ընդհանուր պրոցես է, եռակողմ պրոցես է, որը շարունակվում է։ Կարևորն այն է, որ կան մի շարք համաձայնություններ, կա դինամիկա, ես նշեցի, որ արդեն որոշ ներկայացուցիչներ այստեղ են, ֆիքսում են որոշակի վայրեր, որտեղ պետք է սահմանային հերթապահություն իրականացնեն, և մոտ օրերս ամեն հաջորդ փուլում որոշակի առաջընթաց գրանցելով՝ մենք կունենանք այդ պատկերը։ Մոտ ժամանակներս այդ պրոցեսը կսկսի գործել, օրերի հարց է, բայց կոնկրետ օր չեմ կարող ասել»,-ասաց Գեղարքունիքի մարզպետը։

Նա անդրադարձավ նաև բնակիչներին պատկանող անասունների՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված անցնելուն՝ նշելով, թե այս պահին 81 գլուխ անասուն անցել է ադբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված, և այդ հարցով դեռևս վերջնական լուծում չկա։

«Կա որոշակի աշխատանք, բանակացություններ։ Այդ 81 անասունները պատկանում են 5 ընտանիքի։ Մենք իրենց հետ աշխատում ենք, հանդիպել ենք և այս ընթացքում նաև որոշակի փոքր ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել, մինչև կհասկանանք՝ եթե այս ընդհանուր պրոցեսի մեջ անասունները հետ կգան, լավ, եթե ոչ, պետությունն ինչ-որ բան կնախաձեռնի, հիմա սպասենք, տեսնենք՝ պրոցեսն ինչպես կզարգանա»,-ասաց նա, ապա անդրադարձավ նաև արոտավայրերի խնդրին՝ նշելով, թե պատերազմից հետո որոշակի խնդիրներ կան արոտավայրերի և խոտհարքերի առնչությամբ։

«Կան վայրեր, որտեղ որոշակի դժվարություններ կան խոտհարքերը, արոտավայրերն օգտագործելու՝ հատկապես մայիսի 13-ից հետո, բայց նաև ունենք վայրեր, որտեղ մեր բանակային կորպուսը որոշակի լրացուցիչ ուժեր է դնում, որ մեր բնակիչներն իրենց ավելի ապահով զգան և որոշ վայրերում կարողանան հավաքման պրոցեսն իրականացնել։ Քանի որ դեռ բարձրադիր վայրերում չի սկսվել խոտ հավաքելու պրոցեսը, հույս ունենք՝ ռուսական կողմի ներկայության պարագայում այդ խնդիրները կկարգավորվեն, և մեր բնակիչները կկկարողանան հանգիստ կերպով այդ տարածքներից օգտվել»,-ասաց Սանոսյանը։

Հիշեցնենք՝ երեկ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող։