Պուտին-Փաշինյան հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, նշել է, որ այն կկայանա օրվա երկրորդ կեսին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սա առաջին արտասահմանյան այցն է, որը Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում (իր կուսակցության) վստահ և համոզիչ հաղթանակից հետո»,- ասել է Պեսկովը:

«Երկկողմ հարաբերությունների ծավալը մեծ է, խոսելու շատ բան կա», – հայտարարել է նա:

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:

Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումների վրա, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները իբր կարող են դիտարկել ՀՀ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ և ստորագրել համապատասխան փաստաթուղթ:

«Այս հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, կքննարկվեն այնտեղ տեղակայված ռուս զինվորականները և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները: Բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», – ասել է Պեսկովը` պատասխանելով տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրանք կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։