Ամստերդամի կենտրոնում կրակել են հայտնի լրագրողի վրա, մի փամփուշտը կպել է գլխին

Նիդեռլանդների մայրաքաղաքի կենտրոնում հուլիսի 6-ին անհայտ անձը մի քանի անգամ կրակել է քրեական լրագրող Փիտեր դը Վրիսի վրա, որը լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է, հայտնում է BBC-ն:

Հաղորդվում է, որ 64-ամյա Դը Վրիսը RTL Boulevard հեռուստահաղորդման հյուրն է: Ստուդիայից դուրս գալիս նրա ուղությամբ կրակահերթ է  արձակվել:

Ականատեսների վկայությամբ՝ արձակվել է առնվազն 5 կրակոց, նշվում է, որ մեկը դիպել է լրագրողի գլխին:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հետախուզվում է սպիտակամաշկ տղամարդ՝ մուգ կանաչ բաճկոնով և սև գլխարկով:

Այս միջադեպի կապակցությամբ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդ Գրապերհաուսը շտապ հանդիպում կանցկացնեն Հաագայում:

Փիտեր դը Վրիսը քրեական լրագրող է, որը մի քանի քրեական գործերի հետաքննության ժամանակ որպես փորձագետ է հանդես եկել: Քրեական կարտելներից մեկի առաջնորդի ձերբակալությունից հետո նա երկար ժամանակ գտնվել է ոստիկանության պաշտպանության տակ: