Կոնկրետ փաստերով ցույց եմ տվել, որ Ադրբեջանը ստում է. գերիներն ավելի շատ են, քան իրենք ներկայացնում են․ Արման Թաթոյան

«Ադրբեջանական իշխանությունները, չհրապարակելով գերիների իրական թիվը, իսկ իմ համոզմամբ՝ գերիներն ավելի շատ են, քան իրենք ներկայացնում են, և գիտեմ, որ մեր կառավարությունն ու փաստաբաններն էլ ունեն այդ դիրքորոշումը, այդ կերպ, բնականաբար, հոգեկան տառապանքներ են պատճառում, խաղում են նաև այն ընտանիքների էմոցիաների հետ, ում ընտանիքի անդամներն անհետ կորած են համարվում»,- «Հոդված 3» ակումբում «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այդ դեպքում բնական է, որ ծնողն օբյեկտիվ հույսեր ունի, որ իր երեխան գտնվում է գերության մեջ:

Ինչ վերաբերում է պետության քաղաքականությանը, ըստ Պաշտպանի՝ այստեղ շատ կարևոր է, որ պետությունն անընդհատ աշխատի գերիների, անհետ կորածների ընտանիքների հետ, որ մարդիկ տեղեկություն ունենան այն մասին, թե ինչ է անում պետությունը, որ իրենց երեխաները վերադառնան:

«Հակառակ դեպքում շահարկումներն անխուսափելի են, ինչը խիստ անթույլատրելի է»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Վերջինս նշեց՝ տեղեկատվական քաղաքականության առումով նախաձեռնությունը պետք է լինի պետության կողմը, և այստեղ նույնպես անհրաժեշտ է համակարգված քաղաքականություն:

Խոսելով այլ միջազգային կառույցների հետ համագործակցության մասին՝ Արման Թաթոյանը նշեց, որ մշտական կապի մեջ են գտնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի մարմինների ու այլ կառույցների հետ: ՄԻՊ-ի խոսքով՝ ադրբեջանցիներն էլ են հստակ աշխատում միջազգային կառույցների հետ՝ փորձելով իրենց կատարած պատերազմական հանցագործությունների հայելային արտացոլանքը անդրադարձնել հայկական կողմի վրա:

«Եթե ես ցանկացած մի զեկույց պատրաստեմ, որը վերաբերում է ադրբեջանական իշխանությունների կողմից ատելությանը, նրանց զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների կատարմանը, իրենց երկրի Օմբուդսմանը 7-10 օր հետո նույնությամբ կրկնում է»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա, սակայն, նշեց, որ կա մի շատ կարևոր տարբերություն, որը հայկական կողմը պետք է ցույց տա:

«Ադրբեջանում պատերազմական հանցագործությունները կազմակերպված քաղաքականության մաս են, որն ատելության քարոզի հետևանք է: Մեզ մոտ այդ կազմակերպվածության գործոնը երբեք չի էլ եղել, և մենք չպետք է թույլ տանք, որ իրենց մատնանշած 1-2 նմանատիպ դեպքն իրենք մանիպուլյացնեն»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Խոսելով այն մասին, թե ինչու թե ադրբեջանական, և թե հայկական կողմերը գերիների թիվ չեն հրապարակում, Արման Թաթոյանն ասաց, որ ադրբեջանական կողմի համար խիստ շահեկան է այդ թիվը չհրապարակելը:

«Այն աստիճան ձեռնտու է, որ նրանք ստում են միջազգային կազմակերպություններին: Ես նրանց ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ կոնկրետ փաստերով ցույց եմ տվել, հիմնավորել եմ, որ նրանք ստում են, որ նրանք գերիների բոլորովին այլ թիվ ունեն, քան ցույց են տալիս: Ցավոք, մենք ունեցանք դեպքեր, երբ սպանվել էին գերիներ, և ակնհայտ է, որ այստեղ կյանքի իրավունքի համար պատասխանատվությունն ադրբեջանցիներինն է»,- ասաց Պաշտպանը:

Մյուս կողմից՝ Արման Թաթոյանը նշում է, որ ինքը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ մեր կառավարությունը պետք է պաշտոնական թիվ հրապարակի, թե իր կարծիքով՝ մենք որքան գերի ունենք այնտեղ, որովհետև այդ կերպ մենք կմեծացնենք յուրաքանչյուրի կյանքի իրավունքի համար ադրբեջանական կողմի պատասխանատվությունը:

«Այն, որ ադրբեջանական իշխանությունները, չհրապարակելով գերիների թիվը, միանշանակ խախտում են միջազգային պահանջները, ակնհայտ է: Հնարավոր է, որ մեր հայրենակիցներից ոմանք, ում մենք տեսանյութերով ֆիքսել ենք՝ որպես գերիներ, այս պահին չենք իմանում՝ նրանց ճակատագիրն ինչպես է դասավորվել»,- ասաց Պաշտպանը:

Նա վստահ է՝ երբ մարդասիրական հարցերում նման կոպիտ խախտումներ են առկա,  վստահության մասին խոսք լինել չի կարող, հատկապես որ, ադրբեջանական կողմը տարիների ընթացքում է նման վարքագիծ դրսևորել:

«Մենք այս ամենը պետք է փաստերով ներկայացնենք միջազգային հանրությանը, որպեսզի պատասխանատվությունը մեզ վրա չդրվի, քանի որ նրանց նպատակն է ամեն ինչ անել, որ պատասխանատվությունը թողնվի հայկական կողմի վրա»,- ասաց Արման Թաթոյանը: