Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Արմեն Չարչյանի գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը։

«Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի հուլիսի 8-իօն, ժամը 11-ին»,- Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:

«Մեղադրող կողմը պնդում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պարոն Արմեն Չարչյանը առնչություն ունի իրեն մեղասգրվող արարքի կատարման հետ և փաստացի այն հիմնավորումներն են, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանում:

Մենք ներկայացրել ենք մեր հակափաստարկները դրա վերաբերյալ: Խնդրել ենք դատարանին, որ պատշաճ գնահատականի արժանացնի մեր կողմից տրամադրված տեսաձայնագրությունը: Դատախազը շարունակում է պնդել, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը մեծ է, և եթե պարոն Չարչյանը մնա ազատությանմեջ, ապա վկաների վրա ազդեցություն կգործադրի: Միայն վկայի ֆիզիկական գոյությունը դեռ նշված վկայի վրա ազդեցություն գործադրելու անվերապահ հանգամանք չէ: Պետք է լինեն փաստական տվյալներ, որոնք վարույթ իրականացնող մարմնի մոտ կարող են ողջամիտ կասկածները ստեղծել, որ մեղադրյալն ազատության մեջ մնալով վկայի վրա կազդի: Թե քննիչը, թե դատախազը չներկայացրեցին որևէ փաստական տվյալ»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ խոսքը մոտ 280 վկայի մասին է, բայց նրանցից հարցաքննվել են 60-70-ը. «Բոլորը մասնակցել են հայտնի հավաքին: Որևէ անձ չկա, որը կարող է ասել, որ պարոն Չարչյանը իրեն հարկադրել է մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին: Բոլորը նշել են, որ պարոն Չարչյանի խոսքն ընկալել են ոչ որպես հարկադրանք, այլ որպես խնդրանք, հորդոր, քաղաքացիական պարտքի դրսևորման տեսանկյունից: Մեղադրական բնույթի ցուցմունք պաշտպանական կողմի գնահատմամբ առկա չէ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նման վկայությունների պատճառն այն չէ, որ ԲԿ-ի աշխատակիցները ճանաչում են Արմեն Չարչյանին, գնահատում են, սիրում են, կամ վախենում են աշխատանքը կորցնել, պաշտպանն ասաց. «Դա վերացական դատողություն է»:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նրան կալանավորելու որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Նա գտել էր, որ քննությանը խոչընդոտելու հիմքն առկա է։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։