Էրդողանն ու Ալիևը ներառվել են «մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում․ «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «մամուլի ազատության գիշատիչների» ցուցակը: Դրանում ընդգրկված են 37 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, որոնք, ըստ հեղինակների, երկրում գրաքննություն են մտցնում և բռնություններ են հրահրում լրագրողների նկատմամբ:

2001 թվականից «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպությունը կազմում է ցուցակներ, որոնք անվանում է «գիշատիչների պատկերասրահ»: Նախորդը լույս է տեսել 2016 թ.։ Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, դրանք չեն պնդում սպառիչ լինել, բայց արձագանք են լրագրողական գործունեության սահմանափակումների հատկապես լուրջ օրինակների:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս երկրներից 21-ում իրավիճակը անվանել է վատ, իսկ 16-ում՝ շատ վատ, և, ըստ նրա, մամուլի ազատության որոշակի ոտնահարումներ տեղի են ունենում 132 նահանգներում:

«Մամուլի ազատության գիշատիչների» միջին տարիքը 66 տարեկան է: Շատերը ղեկավարել են երկու տասնամյակ կամ ավելի:

«Այս գիշատիչներից յուրաքանչյուրն ունի իր ոճը: Ոմանք սարսափի թագավորություն են հաստատում՝ տալով իռացիոնալ և պարանոիդ հրամաններ: Մյուսները օգտագործում են բարդ ռազմավարություններ, որոնք հիմնված են դրակոնյան օրենքների վրա: Այժմ նրանց հիմնական խնդիրն է վճարել հնարավորինս ցածր գին իրենց ռեպրեսիվ պահվածքի համար: Մենք չպետք է թույլ տանք, որ նրանց մեթոդները դառնան նոր նորմ», – մեկնաբանում է «Լրագրողներ առանց սահմանների» գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը:

Ցանկում ներառված են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը:

RSF-ն նշում է. «Թուրքիայի նախագահը չի սիրում լրատվամիջոցներին, ավելի ճիշտ՝ նա սիրում է, որ լրատվամիջոցները հնազանդ լինեն և  գովերգեն իրեն: Նա հետապնդում է քննադատներին օրենքով, որը թույլ է տալիս նրանց պատասխանատվության ենթարկել «նախագահին վիրավորելու համար» և ահաբեկչության մասին օրենքով, որը թույլ է տալիս ցանկացած տեսակի չարաշահումներ»:

Կազմակերպությունը շեշտում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ավելի քան 100 լրագրողներ ֆիզիկական բռնության են ենթարկվել: Լրագրողները շարունակում են «ազատազրկման ռիսկի» տակ լինել:

«Ադրբեջանի դատական համակարգը դատապարտում է լրագրողներին անհեթեթ, մտացածին մեղադրանքներով, երբեմն շատ լուրջ մեղադրանքներով, մինչդեռ անվտանգության ծառայությունները երբեք չեն շտապում հետաքննել լրագրողների վրա ֆիզիկական հարձակումները, և երբեմն նրանք պաշտպանում են հարձակվողներին, նույնիսկ եթե նրանք սարսափելի հանցագործություններ են կատարել:

Նախագահ Ալիևի օրոք լրատվական կայքերը կարող են օրենքով արգելափակվել, եթե դրանք «սպառնալիք են ներկայացնում պետության կամ հասարակության համար»: Գրաքննությունը սրվել է հարևան Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ընթացքում, և կառավարությունը պարբերաբար հրաժարվում է արտասահմանցի լրագրողների հավատարմագրումից», – նշում է RSF-ը:

Նշվում է նաև, որ այս ցուցակում քսան տարի ներառված են եղել Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս տարի «մամուլի թշնամիների» մեջ առաջին անգամ կար մի քաղաքական գործիչ, որը գլխավորում է ԵՄ պետություններից մեկի կառավարությունը․ խոսքը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասին է: