Ֆրանսիան արձագանքել է 15 հայ գերիների վերադարձին

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների ազատումը՝ ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու դիմաց:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից գերեվարված 15 ՀՀ քաղաքացիների ազատումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»,- ասել են նախարարությունից:

Ֆրանսիայի կարծիքով, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, այս փոխանակումը, ինչպես նախորդը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին, կարևոր քայլ էր կողմերի միջև լարվածության նվազեցման և վստահության վերականգնման ուղղությամբ:

«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ վերականգնել բովանդակալից երկխոսությունը և ազատել բոլոր հայ գերիներին», – ասված է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այս դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր․

«Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.

  1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ
  2. Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ
  3. Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ
  4. Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ
  5. Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ
  6. Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ
  7. Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ
  8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ
  9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ
  10. Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ
  11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ
  12. Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ

14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ

15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»։