Վարանդայի (Ֆիզուլի) ականապատ տարածքում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Ղարազալի գյուղում`բարդ ռելիեֆով ականապատված լեռնային տարածքում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, կրակը բռնկվել է բաց դաշտում և մասամբ անտառային գոտում:

Տեղեկատվության հիման վրա անհապաղ սկսվել են անհրաժեշտ միջոցառումներ, բերվել է նախարարության ավիացիոն ջոկատի ուղղաթիռ: Ներկայում հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհը մարելու ուղղությամբ: