ՍԱՏՄ-ն Մարտունու անասնաշուկայում սիբիրախտով կենդանիներ չի հայտնաբերել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները հուլիսի 4-ի առավոտյան շրջայց են կատարել Մարտունու տարածաշրջանում գտնվող՝ Հայաստանի ամենամեծ անասնաշուկայում. այցի նպատակն էր ստուգել, թե արդյոք կենդանի վաճառողները կատարում են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Ըստ աղբյուրի՝ շրջայցին հետևել են նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը:

Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել:

«Շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ: