Ռուսաստանն այժմ ինքն էլ է լուրջ մարտահրավերների առջև կանգնած, և խուսափում է այստեղ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի դեմ պատերազմից. 2

Սկիզբը` այստեղ 

ՆԱՏՕ-ն համոզված է, որ Ղրիմը Ուկրաինան է, ոչ թե Ռուսաստան. Այս մասին վրացական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը:

«Այս միջադեպի ընթացքում ՆԱՏՕ- ի դաշնակիցները հաստատակամություն ցուցաբերեցին իմ թվարկած սկզբունքները (նավարկության ազատության և Ղրիմի ՝ Ուկրաինայի, և ոչ թե Ռուսաստանի մաս լինելու.- Ա. Հ.) պաշտպանելու հարցում»,- մեկնաբանելով բրիտանական «HMS Defender» ականակրի հետ կապված միջադեպը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է Ապպատուրայը:

Ավելին. դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանին կոչ է արել գիտակցել, որ ՆԱՏՕ- ի դաշնակիցները հետ չեն կանգնելու այս հարցում: Այս ամենը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետություններ, մասնավորապես, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան առաջիկայում ևս կարող են իրենց իրավունք վերապահել Ղրիմի մոտ ներխուժել Ռուսաստանի տարածքային ջրեր:

Չնայած այն անհերքելի փաստին, որ տարածաշրջանում ապակայունացման նախաձեռնողը հենց ինքն է` ՆԱՏՕ-ն, Ապպատուրայը Ռուսաստանին անհիմն կերպով մեղադրել է «տարածաշրջանում ապակայունացման շարունակման մեջ»: Նրա միակ փաստարկն այն է եղել, որ «Ռուսաստանը Ղրիմում զենք է տեղակայում, այդ թվում ՝ հրթիռային համակարգեր, ինչը բարդացնում է նավարկության ազատությունը»:

Թերևս ավելորդ է ասել, որ Ղրիմը Ռուսաստանի մասն է, նրա տարածքը, և Ռուսաստանն իրավասու է այնտեղ տեղադրել ոչ միայն հրթիռային համակարգեր, այլև միջուկային զենք, եթե անհրաժեշտ համարի: ՆԱՏՕ-ի հիշյալ ներկայացուցչի մեղադրանքը կարելի էր նույնիսկ ծիծաղելի համարել, եթե նրա խոսքն ավելի լայն համատեքստում չլիներ վկայությունը ՆԱՏՕ-ի ագրեսիվ ու վտանգավոր նկրտումների:

Ինչպես արդեն նշեցի, տարածաշրջանում ապակայունացման նախաձեռնողը հենց ինքն է` ՆԱՏՕ-ն: Ահա դրա բազմաթիվ վկայություններից ընդամենը երկուսը. Միացյալ Թագավորություն- ԱՄՆ համատեղ սադրանքի շրջանակում հունիսի 23-ին Ղրիմի ափի մոտ, Ֆիոլենտ հրվանդանում բրիտանական ականակրի ներխուժումը ՌԴ տարածքային ջրեր և 3 կմ խորանալը, և երկրորդ` Ղրիմից ոչ հեռու ՆԱՏՕ-ի անդամներից 17-ի մասնակցությամբ, իսկ, ընդհանուր առմամբ, 32 պետության մասնակցությամբ հունիսի 28-ին սկսված ու մինչև հուլիսի 10-ը շարունակվելիք երբևէ ամենամեծ միջազգային զորավարժությունները:

Այն, որ բրիտանական ականակրի միջոցով իրականացված սադրանքի ետևում ոչ միայն Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլև ամերիկացիներն են կանգնած, առաջինը հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 30-ին ուղիղ կապի ընթացքում պատասխանելով իրեն ուղղված հարցերին: Նկատի ունենալով վերոնշյալ սադրանքը, Պուտինն ասել է.

«Նախ, այն համալիր էր և իրականացվում էր ոչ միայն բրիտանացիների, այլ նաև ամերիկացիների կողմից: Քանի որ բրիտանացիները մեր ջրերը մտան ցերեկը, իսկ դեռ վաղ առավոտյան, ժամը 7: 30-ին Հունաստանում նատօյական ռազմական օդանավակայաններից մեկից, ըստ իս, Կրետեից, թռել է ամերիկյան ռազմավարական հետախուզական ինքնաթիռը»:

ՌԴ նախագահը պարզաբանել է, որ իրեն տեղեկացրել են ամերիկյան ինքնաթիռի թռիչքի մասին և նույնիսկ հայտնել է օդանավի բորտային համարը, որն առկա է դրա պոչին:

«Մենք նրան լավ տեսանք, հետևեցինք,- շարունակել է Պուտինը:- Ակնհայտ էր, որ ականակիրը մտել էր` հետապնդելով, առաջին հերթին, ռազմական նպատակներ՝ հետախուզական ինքնաթիռի օգնությամբ փորձելով բացահայտել մեր զինված ուժերի գործողությունները՝ այդպիսի սադրանքները ճնշելու համար: Նայեցին, թե մեզ մոտ ինչն է միացված, ինչպես է այն աշխատում, որտեղ է գտնվում: Մենք դա տեսանք և գիտեինք, ուստի այնպիսի տեղեկություններ տվեցինք, որոնք անհրաժեշտ համարեցինք»:

Նախագահը սադրանքի մեկ այլ պատճառ համարել է քաղաքական բաղադրիչ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ժնևում վերջերս կայացած սամմիթը:

Ի դեպ, Պուտինի վերոնշյալ պատասխանից մեկ օր առաջ` հունիսի 29-ին, «Tvzvezda»-ին տված բացառիկ հարցազրույցում խոսելով Սև ծովում բրիտանական ականակրի հետ կապված միջադեպի նպատակների մասին, ՌԴ ԱԳՆ արտակարգ և լիազոր դեսպան (այժմ պաշտոնաթող) Վասիլիյ Կորչմարը նույնպես նշել է, որ նպատակը եղել է զոնդաժի փորձը, թե ինչ է հնարավոր այստեղ անել, երբ Ուկրաինան լի է ամերիկացիներով, այնտեղ, անկասկած, նաև Անգլիայի ներկայացուցիչները կան, նրանք կան նաև Թուրքիայում և Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում ու Վրաստանում: Նպատակների թվում Կորչմարը նշել է նաև ուժի ցուցադրումը և ՌԴ արտաքին քաղաքականության նկատմամբ քամահրանքը:

Բնականաբար, հարց է առաջանում` ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային ինչո՞ւ էր պետք բացահայտել ՌԴ զինված ուժերի գործողությունները՝ այդպիսի սադրանքները ճնշելու համար, նայել- տեսնելը, թե Ռուսաստանի զինված ուժերի մոտ ինչն է միացված, ինչպես է այն աշխատում, որտեղ է գտնվում, եթե նպատակ չունեն մոտ ապագայում ևս կրկնելու նմանաբնույթ սադրանք, թերևս, ավելի մասշտաբային բնույթի, ինչպես նաև ռազմական առումով հակադարձել ՌԴ զինված ուժերի գործողություններին (պատասխան հրետանային կրակ, ՀՕՊ միջոցների գործադրում, ականների տեղադրում ռուսական ռազմանավերի ճանապարհին և այլն):

Ինչպես արդեն հայտնի է, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ Լոնդոնի կողմից Ղրիմի ափին «HMS Defender» ականակրի հետ կապված միջադեպի նման սադրանքի կրկնման դեպքում, բացառված չէ, որ Ռուսաստանը ստիպված լինի կոշտ պատասխանել: Իսկ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հունիսի 24-ին ավելի պարզ էր արտահայտվել: Նա ՆԱՏՕ-ից պահանջել էր հարգել միջազգային իրավունքը, և հայտարարել, որ Ռուսաստանը կպաշտպանի իր սահմանների անձեռնմխելիությունը ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մեթոդներով:

«Մենք կարող ենք առողջ բանականության կոչ անել, պահանջել հարգել միջազգային իրավունքը,- ասել է փոխնախարարը:- Եթե ​​դրանք չօգնեն, կարող ենք ռմբակոծել ոչ պարզապես ընթացքի ուղղությամբ, այլ նաև թիրախը, եթե մեր գործընկերները չեն հասկանում»:

Արդյոք իրադարձությունների զարգացման հենց այս ընթացքը չե՞ն ուրվագծել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական ղեկավարները ՆԱՏՕ-ի ռազմավարների հետ միասին` ՆԱՏՕ- Ռուսաստան լոկալ, տարածաշրջանային, սահմանափակ (այդ թվում նաև` ինչ-որ մի պահից դադարեցվելիք) պատերազմի մեկնարկի համար, որի նպատակն ամենևին էլ Ղրիմը գրավելն ու այն Ուկրաինային նվիրելը չէ, այլ Ուկրաինայի հետ միասին Ռուսաստանին մարդկային, նյութատեխնիկական ֆինանսատնտեսական և հաշվարկված այլ վնասներ պատճառելը`հեռահար նպատակներով, որոնց մասին նշված է այս վերլուծականի 1-ին մասում: Այդ դեպքում նրանք, անշուշտ, իրենց վնասները նույնպես նախապես հաշվարկած կլինեն ու դրանք տանելիի սահմաններում թույլատրելի համարած կլինեն:

Ինչպես արդեն նշել ենք, Վասիլիյ Կորչմարի համոզմամբ, սադրանքները, ցավոք, կշարունակվեն, քանի որ ՆԱՏՕ-ին և, հատկապես, ԱՄՆ-ին անհրաժեշտ է լոկալ պատերազմ: Նախկին դիվանագետը համոզմունք է հայտնել, որ, վաղ թե ուշ, պայթյուն կլինի, և այն կապված կլինի կամ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրթիռային ներուժի ուժեղացման, կամ Սև ծովում տիրող իրավիճակի հետ:

Անորոշը թերևս միայյն այն է, թե ՆԱՏՕ-ն արդյոք կհամարձակվի՞ Ռուսաստանի հետ անմիջականորեն բախման մեջ մտնել, թե կփորձի կրակից շագանակներ հանել Ուկրաինայի միջոցով` վերջինիս ցուցաբերելով ռազմական և այլ բնույթի լայն աջակցություն:

 

Արթուր Հովհաննիսյան