Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը 2 և 5 տարվա ազատազրկում է պահանջել հայ ռազմագերիների համար

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հայազգի 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը պահանջել է մեղադրյալներ Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, Tert.am-ի փոխանցմամբ հայտնում է haqqin.az-ը:

Մեղադրյալներ Արմեն Բաղասյանի, Գոռ Գասպարյանի, Կամո Սեֆիլյանի, Վոլոդյա Հակոբյանի, Գևորգ Ասերտյանի, Սիսակ Ենգոյանի, Ալբերտ Պետրոսյանի, Ռոմիկ Սեդրակյանի, Արամ Մինասյանի, Մկրտիչ Մինոսյանի, Էդգար Մաթեսյանի և Յուրի Կարապետյանի համար դատախազը պահանջել է երկու տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ «դիվերսիա կատարելու, ապա ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար» (չակերտները-Խմբ.):

14, ինչպես նաև 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացության հետ ուղարկվել դատարան ՝ քննարկման: