Անվճար հատկացվող դեղերի ցանկը համալրվել է` հասնելով 450-ի․ ԱՆ

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ արծարծված` անվճար դեղերի հատկացման վերաբերյալ իրազեկման ու դրանով պայմանավորված հարցերին` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մինչև 2018 թվականը տրամադրվել է 312 քիմիական անվանում դեղ (Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկից), իսկ 2018 թվականից հետո դեղերը համալրվել են՝ հասնելով 450-ի:

Դեղերը հատկացվել են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին, ընդ որում, 2018 թվականից հետո շահառուների ցանկն ընդլայնվել է շուրջ 265 հազարով՝ ներառելով՝

  • ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին (նախկին՝ 30.01-ի փոխարեն),
  • արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց,
  • Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, սակայն Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց,
  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությունում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ):

Այս ծրագրով նախատեսած ֆինանսական միջոցները կազմել են՝ մինչև 2018 թվականը 800-900մլն, դեղերի տրամադրման ծառայության կատարողականը բժշկական կազմակերպությունների կողմից կազմել է շուրջ 70%՝ կապված դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի սահմանափակ տեսականիի հետ: ՀՀ դրամ, իսկ 2018 թվականից հետո՝ շուրջ 1 մլրդ 300 մլն ՀՀ դրամ, ներկայումս սույն ծրագրով առկա են գերակատարումներ՝ շուրջ 15-20%-ով: