Աշխատում ենք, որպեսզի չինացի ներդրողներ ներգրավենք Հայաստանում. Չինաստանի դեսպան

Մենք աշխատում ենք, որպեսզի չինացի ներդրողներ ներգրավենք Հայաստանում։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։

«Ներկա պահին մենք քննարկում ենք համագործակցությունը տարբեր ուղղություններով. աշխատում ենք, որպեսզի ավելացնենք զբոսաշրջային հոսքը Չինաստանից Հայաստան, հույս ունենք հայկական բիզնեսի ակտիվության չինական շուկայում։ Հայկական արտադրության ապրանքները շատ են դուր գալիս չինացի ժողովրդին, այդ թվում և ալկոհոլային ըմպելիքներ (կոնյակ, գինի), պղինձ և շատ այլ բաներ»,- նշել է նա։

Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջև նախատեսված էին բազմաթիվ նախաձեռնություններ, սակայն վերջին երկու իրադարձությունների պատճառով (համավարակ և Ադրբեջանի ագրեսիա – խմբ.) չկարողացանք ավարտել դրանց իրագործումը։

«Հայաստանի վարչապետը (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը – խմբ.), նախագահը և բարձրաստիճան այլ անձինք պատրաստակամություն են հայտնել շարունակել մեզ հետ համագործակցությունը»,- ասել է նա։

Ֆան Յունը հիշեցրել է, որ հաջորդ տարի նշվում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ ժամանակաընթացքում երկրները աջակցել և օգնել են միմյանց։

«Հայաստանի և Չինաստանի միջև  հաստատվել են բարեկամական հարաբերություններ, համագործակցության մակարդակը բարձր է։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկզբին 200 հազ. դոլարի ապրանքաշրջանառությունը անցած տարի մոտեցել է 1 մլրդ դոլարի։ Մեզ համար բարեկամական երկրի հետ համագործակցության նպատակը երկրի բնակչության կենսամակարդակը բարձրացնելը և զարգացմանը նպաստելն է։ Մենք պատրաստ ենք կիսել զարգացման մեր փորձը Հայաստանի հետ։ Գիտենք, որ Հայաստանի ժողովուրդը ներկա պահին ծանր դրության մեջ է։ Մենք հույս ունենք, որ կգտնվեն այս վիճակից դուրս գալու միջոցներ»,- ամփոփել է դեսպանը։