Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ջրի պղտորվածության պատճառը պարզվում է

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, արձագանքելով ջրի աղտոտվածության մասին բնակիչների ահազանգերին։

«Քանաքեռ-Զեյթունի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը:

Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:

Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը:

Իրավիճակը վերահսկողության տակ է»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ LIVEnews.am-ը առավոտյան Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներից ջրի աղտոտվածության մասին ահազանգ ստանալով՝ անմիջապես փորձել է կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ, սակայն թե քաղաքային, թե բջջային հեռախոսահամարներին արված մեր զանգերը մնացել են անպատասխան։