Այսօր ղեկավարները պետք է առաջին հերթին մտածեն, թե ինչպես լուծեն ջրի սակավության խնդիրը․ Արմեն Գևորգյան

Ոռոգման ջրի խնդրի լուծման համար ինչն է առավել կարևոր՝ ջուրը ինքնին, թե խելք՝ ջրային ռեսուրսները կառավարելու համար: Կարծում եմ, որ ֆերմերների համար նշանակություն չունի, թե ով և ինչպես է ղեկավարում գործընթացը, նրանց համար կարևոր է ջուրը ամբողջությամբ և ժամանակին ստանալ: Բայց ընդհանուր առմամբ երկրի համար կարևոր է, որ այս գործընթացը կառավարելի լինի, քանի որ ջրային ռեսուրսները սահմանափակ են, և դրանց հասանելիությունը հիմնականում որոշվում է ոչ թե մարդու, այլ բնության կողմից: Պետության խնդիրն է հնարավորինս ռացիոնալ և ճիշտ կառուցել դրանց օգտագործման ողջ գործընթացը՝ կուտակումից մինչև բաշխում:

Ջրային ռեսուրսները այսօր նաև դիվանագիտություն և միջպետական հարաբերություններ են: Օրինակ՝ Թուրքիայի հետ սա միակ ոլորտն է, որտեղ հարաբերությունների բացակայության պայմաններում կա ոչ տեսանելի համագործակցություն:

Ի՞նչ արեց Նիկոլի կառավարությունն այս ուղղությամբ: Ոչինչ: Երկրում չի սկսվել ոչ մի նոր ջրամբարի կամ ջրանցքի շինարարություն, չնայած երեք տարվա ընթացքում պետական պարտքն աճել է 2 միլիարդ դոլարով:

Նախկին իշխանությունների օրոք Կոտայքում ավարտվեց Մարմարիկի ջրամբարը, սկսվեց Արարատում Վեդիի ջրամբարի կառուցումը և մշակվեց Շիրակում Կապսի ջրամբարի ծրագիրը:

Նախկինները կառուցել են մի շարք փոքր ջրամբարներ և տասնյակ կիլոմետրերով մայր ջրանցքներ են հիմնանորոգել: Ժամանակին Համաշխարհային բանկը՝ Հայաստանում ջրանցքների կապիտալ վերանորոգման ծրագիրը ճանաչեց լավագույնը աշխարհում:

Ժամանակին Սևանա լճի մակարդակը բարձրացավ ավելի քան 2,5 մետրով, իսկ այսօր ժողովուրդին հրամցնում են Սևանի հետ կապված անհասկանալի ռեկորդներ:

Ֆերմերները ջուր չունեն, բայց նրանց ասում են, որ պետք է հնարավորինս արագ անցնեն ոռոգման նոր տեխնոլոգիաների, ինչպիսին է կաթիլային ոռոգումը: Ճիշտ է, բայց երկու նշանակալից հանգամանք. այդ լուծումները նոր և զգալի ծախսեր են ֆերմերների համար, և երկրորդը՝ ամեն դեպքում, նույնիսկ այդ տեխնոլոգիայի դեպքում ջուրը պետք է հոսի խողովակների մեջ: Կաթիլային ոռոգումը հիմնականում արդյունավետ գյուղատնտեսության խնդիր է, ոչ թե ոռոգման:

Այսօր ղեկավարները պետք է առաջին հերթին մտածեն այն մասին, թե ինչպես լուծել ջրի սակավության խնդիրը, որն ամեն տարի ավելանալու է: Եվ այս իմաստով Հայաստանում շատ ռիսկային է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը:

Ինչպե՞ս անել, որ գարնանային ջրերը հնարավորինս կուտակվեն մեր տարածքում և չհոսեն հարևան երկրների ջրամբարներ: Ղեկավարները պետք է կարողանան կանխատեսել իրավիճակը ամբողջ ոռոգման սեզոնի համար, գնահատեն ռիսկերը և գտնեն առավել օպտիմալ լուծումներ: Այս գործընթացը պահանջում է գիտելիք և փորձ, որոնք շատ ղեկավարներ այսօր չունեն և, ամենայն հավանականությամբ, արդեն չեն ունենա: Դա չի լինելու, քանի որ նրանց հայտնվելու համար պարզ ցանկություն էլ չկա:

Արմեն Գևորգյան