Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատաքննությունը սկսվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Սերժ Սարգսյանը ներկա է դատական նիստին։

Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում են երեք անձինք. Սերժ Սարգսյանից բացի՝ մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց Հատուկ քննչական ծառայությունից պահանջել տեղեկություններ այս գործով նախկին մեղադրյալ Սերգո Կարապետյանի հետ 2019 թ. հոկտեմբերի 5-ին կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը, հնարավորություն տալ նրանց ծանոթանալ այդ փաստաթղթին:

Դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ դատարանը միջնորդության լուծումը հետաձգելու է ապացույցների հետազոտումից հետո:

Այնուհետև դատավորը հայտարարեց, որ սկսվում է դատաքննությունը, հրապարակվում է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Հիշեցնենք, որ Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ ապրիլի 9-ից մինչև 2018թ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված  մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։

Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ հունիսի 25-ից մինչև 2015թ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։ 

Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։