ՆԱՏՕ-ն Սև ծովից հեռանալու մտադրություն չունի

ՆԱՏՕ-ն չի համարում, որ Սև ծովը ռուսական է և կշարունակի ներկա լինել տարածաշրջանում՝ իր գործընկերներին աջակցելու համար: Այս մասին հայտարարել է  Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ Վրաստանի հանրային հեռարձակողին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հաստատ չենք ընդունի, որ Սև ծովը ռուսական է, և մենք կպահպանենք մեր ներկայացուցչությունը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու համար: Հարցերից մեկը, որ մենք քննարկում ենք, Սև ծովում Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացումն է»,-ասել է Ապատուրայը։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հավելել է նաև, որ դաշինքը մեծացնում է իր ներկայացուցչությունը Սև ծովում:

«ՆԱՏՕ-ն ավելի շատ ներկայացված է Սև ծովում, քան տեսանելի է: Մենք խոսում ենք մեր ռազմածովային ուժերի ստորաբաժանումների մասին, որոնք դուրս են գալիս այս տարածաշրջան: ՆԱՏՕ-ի առանձին անդամներ դա անում են, բայց այդ գործողությունները համակարգված են: Դուք տեսնում եք, որ բրիտանական ուժերը, ֆրանսիացիները թռնում են, ԱՄՆ-ը պարբերաբար նավեր է բերում: Ռուսներին միշտ չէ, որ դուր է գալիս, բայց մենք դա ամեն դեպքում անում ենք»,- եզրափակել է նա:

Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջից: 2002-ի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Պրահայի գագաթնաժողովում հայտարարեց դաշինքի անդամ դառնալու երկրի ցանկության մասին: Այս ցանկությունը հաստատեց հաջորդ նախագահը՝ Միխեիլ Սահակաշվիլին: 2012-ի հոկտեմբերին «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո իշխանության եկած կառավարությունը շարունակեց ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղին, բայց նոր իշխանությունները երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրը համարեցին «Ռուսաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորում ՝ ոչ ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության»: