Մեկնարկում է Ակադեմիկոս Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթը

Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում) և Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում են Ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան  հայագիտական միջազգային մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի անցկացման մասին հուշագիրը ստորագրել են Երևանում Ռուսաստանի տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը:

Հայագիտական միջազգային մրցույթը, որը նախաձեռնել են Երևանի Ռուսական տունը և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը, լինելու է ամենամյա: Երկու հաղթողները կարժանանան հավասար դրամական պարգևների և մեկ շաբաթ տևողությամբ  ճանապարհորդական փաթեթների դեպի Հայաստան: Եվս մեկ մասնակից կստանա հատուկ մրցանակ Երևանի Ռուսական տան կողմից:

Երևանում Ռուսական տան տարածած հաղորդագրության համաձայն, մրցույթի մասնակից կարող են դառնալ Հայաստանից դուրս բնակվող այն գիտնականները, ովքեր մինչև 2022 թ. հունվարի 31-ը կներկայացնեն աշխատություններ ռուսերեն լեզվով՝ ձեռագրեր կամ վերջին 3 տարվա ընթացքում տպագրված հետազոտություններ: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան 2022 թվականի գարնանը փակ գրախոսության արդյունքներով: Մրցույթում հաղթած գիտնականների աշխատանքները կտպագրվեն ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի հատուկ գիտական ժողովածուում:

Անդրադառնալով այս միջազգային մրցույթի կազմակերպման նպատակներին՝ Երևանում Ռուսաստանի տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շեշտեց, որ նախագիծը Ռուսաստանում աջակցություն է ստացել ամենաբարձր մակարդակով: Մրցույթի խորհրդի կազմում ընդգրկված են ոչ միայն հայտնի ռուս գիտնականներ, այլև Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը:

«Մեր հիմնական խնդիրներն են ռուսալեզու արևելագիտության և հայագիտության զարգացումը` խթանելով հետաքրքրությունը նման հետազոտությունների նկատմամբ, ինչը կարող է մեծացնել ռուսաց լեզվի կարևորությունն ու դերը միջմշակութային, գիտական հաղորդակցության տեսանկյունից: Եվ հաշվի առնելով հայտարարված թեմաների ցանկը, կարող են ներկայացվել նաև միջառարկայական բնույթի աշխատանքներ՝ armeno-slavica,  armeno-iranica, armeno-arabica, armeno-turkica և այլն: Այսպիսով մրցույթին կկարողանան մասնակցել հետազոտողներ տարբեր երկրներից, եթե ներկայացնեն լուրջ, գիտականորեն հիմնավորված այնպիսի աշխատանքներ, որոնք կանցնեն համաշխարհային մակարդակի հեղինակավոր գիտնականների փակ գրախոսությունը: Մրցույթի հաջողության գրավականը կլինի բոլոր մասնակիցների հանդեպ առավելագույնս օբյեկտիվ մոտեցումն ու նրանց հավասարությունը՝ առանց որևէ վերապահման», – ասել է Վադիմ Ֆեֆիլովը:

Նշվում է, որ հետազոտության թեմաները բավականին ծավալուն են. Հայաստանի պատմություն; հայ-ռուսական հարաբերությունների պատմություն; հայ ազգագրություն; հայ արվեստի պատմություն; հայ գրականության պատմություն; բանահյուսություն; կրոն; լեզվաբանություն; հայկական գեղագրություն; Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմություն, հայկական Սփյուռքի պատմություն և այլն:

«Ակադեմիկոս Մառը զգալի ներդրում է ունեցել Ռուսաստանում հայագիտության զարգացման գործում`դրանով իսկ տալով այս ուղղությանը հատուկ կարգավիճակ: Բայց նույնիսկ սա չէ գլխավորը. Մառը պատկանում էր կայսերական արևելագիտության ներկայացուցիչների շարքին, որոնց խորապես խորթ էր ուսումնասիրվող միջավայրի և ժողովուրդների հանդեպ այպես կոչված վերևից նայելը: Իրական հումանիստ և մարդասեր՝ Մառը իրեն զգում այդ հիասքանչ տարրի մի մաս, որին նա նվիրեց իր գիտական կենսագրությունը: Հայերին ուղղված նրա մտավոր և հոգևոր ազդակները անգնահատելի են», – նշել է ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Նա ընդգծել է նաև, որ Մառը հասունացրել է հայ գիտական մտավորականության մի ամբողջ սերունդ, որի ամենաակնառու ներկայացուցիչն է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին:

«Մառին բնորոշ են հատկանիշների, որոնք անբաժանելի են հումանիտար գիտությունների իրական ներկայացուցիչներից, նա բացառիկ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է գործը վերածել գաղափարի՝ դրան հաղորդելով առավելագույն բարձր արժեք», – հավելել է Գառնիկ Ասատրյանը: