Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն շուտով ընդհանրապես չի օգտվելու․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի կողմից լկտի վարք է նկատվում, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, առցանց ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Բայց շուտով՝ մի քանի ամսից, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն ընդհանրապես չի օգտվելու»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը։

«Բավականին աշխատանքներ տարվել են և տարվում են, որոնք չեն էլ երևում։ Իհարկե, այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են երաշխավորում, և խոշոր առումով մենք տեսել ենք, որ անվտանգությունն ապահովված է․ իհարկե, փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ, գործողություններ են եղել»,-ասաց Արցախի պետնախարարը։

Նա նշեց՝ ինքն իր ընտանիքով մնալու է Արցախում և իրենից կախված առավելագույնը կատարելու է, որ բոլորի ապագան Արցախում լուսավոր լինի։

Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը պետք է մնային Արցախի վերահսկողության տակ, բայց հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց այդ գյուղերը՝ զոհերով ու գերիներով, անցել են թշնամուն,  Բեգլարյանն ասաց, թե դա հետպատերազմյան Արցախի ամենացավոտ հարցերից մեկն է։

«Ես էլ շատ հարցեր ունեմ, թե ինչու այդպես եղավ, և որոշ դեպքերում ես էլ հարցերի պատասխանները չունեմ։ Կա տեսակետ, որ դա պայմանավորված էր նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորված և ստորագրված քարտեզներով, և դրանցով նախատեսված չէր նաև Խծաբերդի ու Հին Թաղերի առկայությունը Արցախում, բայց ես չեմ կարող ասել՝ այդպե՞ս է, թե ոչ, պետք է պատկան մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք ընդգրկված են եղել բանակցություններում, պատասխան տան։ Մյուս տեսակետն այն է, որ ադրբեջանական կողմն օգտվել է ռուս խաղաղապահների բացակայությունից և շարունակել է փաստացի մարտական գործողությունները և բռնազավթել է Հադրութի շրջանի այդ պատառիկը, որը կարողացել էինք պահել»,-ասաց նա։

Քաղաքացիները հարցեր էին ուղղել նաև Արցախի ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների վերաբերյալ, որոնց անդրադառնալով՝ Արցախի պետնախարարն ասաց․

«Պատերազմի հետևանքով ջրի ռեսուրսների կամ ակունքների հանդեպ վերահսկողության բավականին կորուստներ ենք ունեցել, զգալի ծրագրեր արդեն նախատեսված են, մասնավորապես, նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որ ավելի հեշտ լինի կառավարել մեր ջրային ռեսուրսները, խմելու ջրի հարցերը բոլոր համայնքներում նախատեսում ենք լուծել մոտ երեք տարվա ընթացքում, Ստեփանակերտում որոշակի լրացուցիչ լուծումներ են տրվելու»։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, նա նշեց՝ պատերազմի ժամանակ լրջորեն վնասվել են բոլոր ենթակառուցվածքները, դիտավորյալ թիրախավորվել են Ադրբեջանի կողմից, սակայն, նրա խոսքով՝ հետպատերազմյան մի քանի ամսվա ընթացքում ինտենսիվ աշխատանք է կատարվել։ «Արդեն կարող ենք ասել, որ գրեթե ամբողջությամբ վերականգնվել են մեր բոլոր ենթակառուցվածքները»,-նշեց Բեգլարյանը՝ հավելելով, թե աշխատանքները շարունակվում են։

Իսկ Արցախի ապագան, վստահեցրեց, որ դրական է լինելու: