Ռուսաստանի նախազգուշացումն անտեսելով, Սև ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ սկսվել են երբևէ ամենամեծ միջազգային զորավարժությունները (տեսանյութեր)

Նախկին դիվանագետի կարծիքով, ՆԱՏՕ-ին և, հատկապես, ԱՄՆ-ին անհրաժեշտ է լոկալ պատերազմ, և, վաղ թե ուշ, պայթյուն կլինի

 

Ուկրաինայի սևծովյան ափերի մոտ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ սկսվել և, արդեն 3-րդ օրն է, ընթանում են «Sea Breeze» («Ծովային Զեփյուռ») ծածկանվամբ երբևէ ամենամեծ միջազգային զորավարժությունները, որոնց նպատակն Ուկրաինային աջակցությունն է, Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ գործողությունների մշակումը և, ըստ էության, նախապատրաստվելը ռուս- ուկրաինական հնարավոր պատերազմին:

«Sea Breeze» զորավարժություններին մասնակցում են 32 պետություն (17-ը` ՆԱՏՕ-ի անդամ), այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Կանադան, Բուլղարիան, Հունաստանը, Լատվիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Ճապոնիան, Պակիստանը և այլ պետություններ, շուրջ 5000 զինծառայող, 32 ռազմանավ և սպասարկող նավեր, 40 ինքնաթիռ, ուղղաթիռ և ԱԹՍ, շուրջ 100 տանկ, զրահամեքենա և ցամաքային այլ տեխնիկա:

Զորավարժությունների շրջանակում վերոնշյալ երկրների զինված ուժերը, ի թիվս այլ գործողությունների, Ուկրաինայի Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ռազմական փորձադաշտերում մշակելու են զինված կազմավորումներին հակազդելու գործողություններ: Մտահոգություն կա, որ զորավարժություններից հետո նրա որոշ մասնակիցներ, հատկապես, ՆԱՏՕ-ի անդամներն իրենց հետ բերած ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի մի մասի գաղտնի փոխանցում կկատարեն Ուկրաինային` հետագայում Դոնբասում և Ռուսաստանի դեմ օգտագործելու համար:

Ռուսաստանի դեսպանատունն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ «Sea Breeze» զորավարժությունները մեծացնում են «չնախատեսված միջադեպերի» ռիսկը: Ավելին. Մոսկվան ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին օրեր առաջ կոչ էր արել հիշյալ զորավարժություններից հրաժարվել, ինչը, սակայն, ՆԱՏՕ-ի առանցքային անդամ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցներն անտեսել են: Այլ բան չէր էլ սպասվում…

««Sea Breeze զորավարժությունների մասշտաբային ու հստակ ագրեսիվ բնույթը որևէ կերպ չի համապատասխանում Սևծովյան տարածաշրջանի անվտանգության իրական խնդիրներին,- նշված է Twitter- ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:- Բարձրանում է չկանխամտածված միջադեպերի ռիսկը: Խրախուսվում են Կիևի ռազմատենչ տրամադրությունները: Նրանց դաշնակիցներին վճռականորեն կոչ ենք անում հրաժարվել Սև ծովում ռազմական գործողությունների մշակումից»:

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի աճի, ընդլայնման կապակցությամբ հունիսի 23-ին արդեն մտահոգություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, մեզ չի կարող չանհանգստացնել ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների և ենթակառուցվածքների շարունակական ընդլայնումը, ինչպես նաև այն փաստը, որ դաշինքը հրաժարվում է կառուցողականորեն դիտարկել լարվածության լիցքաթափման և անկանխատեսելի միջադեպերի ռիսկի նվազեցման մեր առաջարկները»,- ասել է Պուտինը:

ՄԱԿ-ն աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի և միջուկային տերությունների ազգային անվտանգության ռազմավարություններում միջուկային զենքի հարաճուն դերակատարության գնահատմամբ օրերս հայտարարեց, որ առկա է, սառը պատերազմից ի վեր, միջուկային զենք օգտագործելու ամենաբարձր ռիսկը:

«Կանխամտածված գործողությունների, միջադեպերի կամ սխալ հաշվարկի արդյունքում միջուկային զենք օգտագործելու ռիսկն ամենամեծն է սառը պատերազմից ի վեր»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Իդզումի Նակամիցուն:

Նակամիցուն հավելել է, որ ՄԱԿ-ի առավել մեծ մտահոգությունը կողմերի գործողությունների սրման և սխալ ընկալումների հնարավորությունն է: Ըստ նրա, միջուկային զենքի օգտագործման վտանգի աճը պայմանավորված է նաև երկրների միջև լարվածության սրմամբ, միջուկային սպառազինության մրցավազքով, երկխոսության պակասով, թափանցիկության անկմամբ և այլ գործոններով:

Նկատենք, որ Սև ծովում վերջերս բրիտանական «HMS Defender» ականակրի անձնակազմի, նրա ետևում կանգնած Միացյալ Թագավորության ռազմաքաղաքական ղեկավարության իրականացրած սադրանքի նման ցանկացած միջադեպ կարող է հանգեցնել կողմերի միջև ռազմական բախման` անկանխատեսելի հետևանքներով: Եթե սրան գումարենք նաև սխալ ընկալումների հնարավորությունը, չկանխամտածված միջադեպերի ռիսկը և այլն, ապա վտանգը, բնականաբար, ավելի է մեծանում:

Նկատի ունենալով վերոնշյալ միջադեպը, ՌԴ ԱԳՆ արտակարգ և լիազոր դեսպան (այժմ պաշտոնաթող) Վասիլիյ Կորչմարը երեկ «Tvzvezda»-ին տված բացառիկ հարցազրույցում  խոսելով Սև ծովում վերոնշյալ սադրանքի պատճառի մասին, շեշտել է, որ սադրանքները, ցավոք, կշարունակվեն, քանի որ ՆԱՏՕ-ին և, հատկապես, ԱՄՆ-ին անհրաժեշտ է լոկալ պատերազմ: Նախկին դիվանագետը համոզմունք է հայտնել, որ, վաղ թե ուշ, պայթյուն կլինի, և այն կապված կլինի կամ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրթիռային ներուժի ուժեղացման, կամ Սև ծովում տիրող իրավիճակի հետ:

Օրերս կայացած Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես տագնապալի է հայտարարել ռազմավարական կայունության գլոբալ վիճակը:

«Ռազմավարական կայունության ոլորտում ծայրաստիճան տագնապալի իրավիճակ է ստեղծվում»,- հայտարարել է Լավրովը:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Տեսանյութը` այստեղ

Տեսանյութը` այստեղ