Արամ Հարությունյանի ելույթը չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր․ դատարանը հրապարակել է դատավճիռը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, հունիսի 4-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին արդարացնելու մասին դատավճիռ է կայացրել։

Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Ըստ դատավճռի՝ Արամ Հարությունյանի ելույթը չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, և որպես այդպիսին՝ նաև ատելության խոսք: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար և ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ՝ ներկայացնելով իր կուսակցության հայացքները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ, հետևաբար գտնվել է ազատ խոսքի պաշտպանության ներքո:

Դատարանն արձանագրել է՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել, որ Արամ Հարությունյանին ՀՀ ՔՕ 226.2 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, քանի որ գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց ամբողջության մեջ բավարար չեն ամբաստանյալի անձի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Հետևաբար նախաքննական մարմնի հետևությունները հիմնված չեն գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջության վրա, այլ հակասում են դրանց, ուստի հիմնավորված ու պատճառաբանված չեն դատական նիստի ժամանակ մեղադրողի այն դիրքորոշումը, որ Արամ Հարությունյանի առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով և այն ճիշտ է որակված:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Youtube կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տևողությամբ տեսանյութում Արամ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն ա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար որի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդուն ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։