«Բարեկամության շառավիղներ»․ լեգենդար Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում: «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին` ժամը 19.00-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մաեստրո Ռիկարդո Մուտին Երևան է ժամանելու իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին։ Ծրագրում կհնչեն՝ Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաև կկայանա Տ. Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:

Համերգի նախօրեին՝ հուլիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և «Ռավեննա» փառատոնի։

«Երևանյան հեռանկարներ» և «Ռավեննա» փառատոները հանդիսանում են Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամներ և դասվում են Եվրոպայի լավագույն փառատոների շարքին: