Անհայտ կորածների հիշատակի օր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ:

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ Անհայտ կորածներին նվիրված հուշարձանի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ:

ՀՀ ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես սատար է լինելու բոլոր այն զինծառայողների ընտանիքներին, ում ճակատագրերն անհայտ են, սակայն հայտնի է Հայրենիքն անմնացորդ նվիրումով պաշտպանելու նրանց սխրանքը։

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանն իր երախտիքի խոսքն է հայտնել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներին, ներկաներին և բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում Հայրենիքի պաշտպանության համար մղված պայքարում անհայտ կորած տղաների ճակատագրերը բացահայտելու ուղղությամբ։

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով Հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։