Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանի առաջարկությամբ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ով մինչև Սաղյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելը երկար տարիներ նախագահել է ակադեմիան,  դարձել է  ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր  խորհրդական:

Այս մասին Սաղյանը հայտնեց հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Եթե նախագահության ղեկավար անձը՝ փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը և այլք  տասը տարի և ավելի լինում են նախագահության անդամ, ըստ ակադեմիայի կանոնադրության՝ կարող են դառնալ նախագահի խորհրդատու, բայց, հաշվի առնելով Ռադիկ Մարտիրոսյանի առանձնահատուկ ներդրումը, մենք որոշել ենք նրան տեղափոխել նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Նա շարունակելու է իր գործունեությունն ակադեմիայում և նրա խորհրդակցությունների կարիքն անձամբ ես որպես նորընտիր նախագահ ունեմ: Կարծում եմ՝ միշտ կստանամ կարևոր ու անհրաժեշտ խորհուրդներ»,-նշեց Սաղյանը:

Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: Աշոտ Սաղյանը նախագահ է ընտրվել հունիսի 28-ին: