ԳԱԱ նոր նախագահը ներկայացրեց առաջիկա ծրագրերը

Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ներկայացրեց առաջիկա ծրագրերն, անելիքներն ու տեսլականը: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նա այս մասին խոսեց ԳԱԱ արդեն նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ համատեղ ասուլիսում:

Անդրադառնալով ռազմարդյունաբերական բլոկին՝ Սաղյանն այն համարեց կարևոր հարց: «ԳԱԱ-ն արդյունավետ աշխատում է այդ ուղղությամբ: Իմ ռազմավարական խնդիրների մեջ այդ կետը կա: Աշխատանքները պետք է ակտիվացնել, բովանդակային իմաստով կանոնակարգել: Առաջին հերթին պետք է հասկանալ ռազմաարդյունաբերական կոմպլեքսի և պաշտպանության համակարգի, գիտահետազոտական գործունեության որ ուղղությունն է պետք առաջնահերթ: Դրանից հետո իրականացնել մոնիթորինգ՝ ակադեմիայի ինստիտուտներում առկա գիտահետազոտական խմբերում և որոշել, թե որ գիտնականների խումբը կարող է աշխատանքներ տանել տվյալ ուղղություններով»,-ասաց Սաղյանը:

Ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ուղղությունների ներուժի օպտիմալացումը Սաղյանի ծրագրի գլխավոր կետերից է: Այն նախատեսում է նաև օպտիմալացում՝ հենց ռազմաարդյունաբերական ուղղությամբ, պաշտպանության համակարգում: Նա կարևորեց նաև պետական միջոցների առկայությունը:  «Խնդիրը դժվար է, մենք երկար ժամանակ ռազմական արդյունաբերությամբ չենք զբաղվել»,-ասաց նա:

Սաղյանի կարծիքով՝ ակադեմիան պետք է ունենա որոշիչ դեր՝ ծրագրերի կատարման հարցում:

ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հիշեցրեց կարգը՝ ակադեմիայի նախագահության՝ ղեկավար անձնակազմի ընտրությունները տեղի են ունենում ամեն 5 տարին մեկ անգամ: Նախագահը անընդմեջ 2 անգամից ավել չի կարող ընտրվել:

«Հունիսի 28-ին լրացավ այն 5 տարվա ցիկլը, արդյունքում իրականացվեցին ընդհանուր ղեկավար կազմի՝ նախագահության ընտրությունները՝ երեկ և այսօր: Ընտրվել են ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարը, ակադեմիայի գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները և նախագահության անդամներ»,-ասաց Մարտիրոսյանն ու հավելեց՝ ինքը թողել է նախագահի պաշտոնը, քանի որ արդեն 3-րդ հնգամյակն է աշխատել ԳԱԱ նախագահ:

Ակադեմիայի փոխնախագահ է ընտրվել թղթակից-անդամ, մասնագիտությամբ ֆիզիկոս Հրանտ Մաթևոսյանը: Իսկ ակադեմիկոս-քարտուղար է ընտրվել գիտնական Արթուր Իշխանյանը: Ակադեմիկոս-քարտուղարները վերընտրվել են: Ընտրվել են նախագահության նոր անդամներ, կան նաև վերընտրվածներ:

Ներկայացնելով նոր նախագահին՝ Աշոտ Սաղյանին՝ Մարտիրոսյանը նշեց, որ նա ճանաչված է գիտական միջազգային ասպարեզում, Հայաստանում: Նա հույս հայտնեց, որ Սաղյանը Հայաստանում կնպաստի գիտության զարգացմանը: