Ադրբեջանը ապացույցներ է հավաքել իր կողմից խոցված ռուսական Մի-24-ի գործով

Ադրբեջանը ապացույցներ է հավաքել և փորձաքննություններ է անցկացրել Արցախյան հակամարտության սրման ժամանակ խոցված ռուսական Մի-24-ի գործով, աղետի գործով հետաքննությունը շարունակվում է: Այս մասին երեքշաբթի օրը «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Գյունեյ Սալիմզադեն:

«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Մի-24 ռազմական ուղղաթիռը խոցելու հետ կապված՝ Գլխավոր դատախազությունն օպերատիվ ստուգումից հետո քրեական գործ է հարուցել: Համապատասխան փորձաքննություններ են իրականացվել, հավաքվել են իրեղեն ապացույցներ, ինչպես նաև անհրաժեշտ այլ քննչական գործողություններ են իրականացվել»,- ասել է մամուլի ծառայության ղեկավարը:

Սալիմզադեն նաև շեշտել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կապահովի ռուսական ուղղաթիռի կործանման դեպքի վերաբերյալ օրինական որոշման ընդունումը:

«Ներկայումս հետաքննությունը շարունակվում է, և քննության արդյունքներով ապահովվելու է օրինական որոշման ընդունումը»,- շեշտել է նա:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի տարածքի վրա, մարտական գոտուց դուրս: Անձնակազմի երկու անդամ զոհվել էր, մեկը միջին ծանրության վնասվածքներ էր ստացել: Ադրբեջանական կողմը խոստովանել էր, որ պատահաբար խոցել է ռուսական ուղղաթիռը, ներողություն էր խնդրել և Ռուսաստանին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել: