Կարևոր է նաև հասկանալ, թե «Հայաստան» հիմնադրամը գործել է սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե ստիպել են․ փաստաբան

«Իրականում շատ պարզ, հստակ սխեմայով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները լափվեցին կառավարության կողմից»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերության տնօրեն Ալեքսանդր Կոչուբաևը և հավելեց, որ իր ղեկավարած գրասենյակ են դիմել ամերիկաբնակ սփյուռքահայերը, որոնք վրդովված են այդ փաստից:

Վերջինս անդրադարձավ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ կառավարությանը հատկացված գումարներին՝ նշելով, որ հետընտրական շրջանում բոլոր ուղղություններով՝ նաև վերոհիշյալ կոռուպցիոն սխեմայի բացահայտմամբ պետք է շարունակել իշխանական խմբավորման դեմ պայքարը:

Կոչուբաևի խոսքով՝ յուրացվել են Գլենդելի հայերի գումարները, այդ պատճառով էլ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը համագործակցելու է ամերիկաբնակ փաստաբան գործընկերների և այնտեղի դատախազության ուժերի հետ:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք մի քանի գործողություն են պլանավորում այդ գումարների յուրացման սխեման բացահայտելու և դրանք հիմնադրամ վերադարձնելու համար:

Կոչումբաևը իշխանություններին հորդորեց օր առաջ յուրացված գումարը վերադարձնել հիմնադրամին:

Նշելով, որ առկա է յուրացման հանցակազմ՝ ասուլիսին ներկա մյուս փաստաբանը՝ Աբգար Պողոսյանն ասաց. «Նրանց վստահել են այդ գումարը և այդ սխեմայի շրջանակում փոխանցել են կառավարությանը, ինչն իրականում հափշտակության տեսակ է: Այս մասով հաղորդում ենք ներկայացնելու գլխավոր դատախազին, քանի որ նաև գործ ունենք օտար երկրի քաղաքացիների հետ, նախատեսում ենք ներգրավել նաև միջազգային իրավապահ մարմիններին»:

Նրա խոսքով՝ կարևոր է նաև հասկանալ, թե հիմնադրամը գործել է սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե ստիպել են, արդյո՞ք ընդհանուր խումբ է գործել:

«Այս մասով մենք կարծում ենք, որ մի հոգու կողմից չէ կատարվել հանցագործությունը, գործ ունենք  կազմակերպված խմբի հետ»,- ասաց Աբգար Պողոսյանը:

Փաստաբան Նաիրա Հակոբյանն էլ նկատեց, որ որքան էլ կառավարությունը փորձի օրինականացնել իր գործողությունները, ամեն դեպքում իրավական տեսանկյունից կան բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ, որոնք հակասում են մեկը մյուսին:

Վերջինս հիշեց, որ կառավարությունը նվիրաբերության պայմանագիրը կնքելուց հետո ֆինանսների նախարարության միջոցով փորձեց պարզաբանում տալ, սակայն այն ավելի շատ ենթադրում է հակաիրավական գործընթաց:

«Այդ նվիրաբերության պայմանագիրը հանգեցրել է նրան, որ Համահայկական հիմնադրամին նվիրաբերություն կատարած անձինք տեղյակ չեն՝ ինչի հիման վրա իրենց տրամադրած փողի մեծ մասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը»,- հայտարարեց փաստաբանը:

Նաիրա Հակոբյանը պնդեց, որ այդ գործընթացը հակասում է ՀՀ բյուջետային համակարգի մասին, Հիմնադրամների մասին օրենքներին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրությանը: