Ինչո՞ւ «հպարտ» քաղաքացին քվեարկեց պետության դեմ․ ո՞վ է մեղավոր, և ի՞նչ է պետք անել․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը գրել է

«Ընտրությունները կեղծվել են։ Ինչպես որ մինչև այս եղած ընտրությունները։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց կեղծվել են։

Կեղծիքը կեղծիք, բայց կա շատ ավելի կարևոր հարց ու այդ հարցի պատասխանը գտնելու անհրաժեշտություն, ճշմարտության հետ առերեսվելու կարիք։

Եթե ինքնախաբեությամբ զբաղվենք ու ասենք, որ ամեն ինչ կարգին է, ապա դրանով կդառնանք պետության վերացման համահեղինակ։

Պետք է հայելու մեջ նայել, արված սխալներից դասեր քաղել և ճիշտ քայլեր անել։

Եթե կա գոնե մեկ քվե (իրականում հազարավոր քվեներ), որն անկեղծորեն տրվել է «Քաղաքացիական պայմանագրի», այսինքն՝ կապիտուլյացիայի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա պետք է հասկանալ, թե ի՞նչ մոտիվացիա է ունեցել թիվ 3–ի օգտին քվեարկած ընտրողը։ Ժեխ, սրիկա և նմանատիպ այլ ձևակերպումները սխալ են ու ոչինչ չեն տալիս իրենք իրենց ժեխ չհամարողներին (հանուն արդարության պետք է ասեմ, որ մեծ քանակով ժեխի հանդիպել եմ իրենց ժեխ չհամարողների մեջ ու հատկապես քաղաքական շրջանակներում)։

Նիկոլի օգտին քվեարկողը քվեարկել է պետության դեմ։ Ինչո՞ւ է նա այդպես վարվել։ Սա՛ պետք է հասկանալ։

Ըստ ԿԸՀ–ի՝ քվեարկության մասնակիցների կեսից ավելին եղել է Նիկոլի կողմնակից կամ Նիկոլի հակառակորդների դեմ։ Իսկ դա նշանակում է, որ այդքան մարդ կողմ է քվեարկել Արցախի պետականության կորստին, Հայաստանի սահմանների նեղացմանը և սպասվող նեղացումներին։

Թիվ 3 քվեաթերթիկն ընտրողը ֆորմալ առումով կողմ է եղել անգրագետ կառավարմանը, «հեղափոխական» թալանին, դեմագոգիային, պոպուլիզմին, ադրբեջանասիրությանը, թուրքամետությանը և ի վերջո՝ ՀՀ–ի վերացմանը։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ եթե ուղիղ հարց տաս ՔՊ–ի օգտին քվեարկողին, ինքը չի ընդունի, որ ադրբեջանասեր է կամ թուրքամետ (առանձին դեպքերը մի կողմ թողնենք)։ Ուրեմն այլ՝ խորքային պատճառներ կան, որ ՀՀ քաղաքացիների մի մեծ խումբ քվեարկեց պետության դեմ։

Պաշտոնական տվյալներով՝ Երևանում համեմատաբար ամենաշատ ձայները ստացել է ՔՊ–ն (41,09%), բայց մայրաքաղաքի կեսից ավելին քվեարկել է ոչ Նիկոլի օգտին։ Երևանի Կենտրոն ու Արաբկիր համայնքներում Նիկոլը պարտվել է իր հիմնական քաղաքական հակառակորդին։ Ասել է թե՝ համեմատաբար լավ ապրողների միջավայրում Նիկոլը պարտվել է։

Քվեարկության պատկերը, այլ օրինաչափություններից զատ, մի ուշագրավ օրինաչափություն է արձանագրել։ Որքան աղքատ էին մարդիկ, այնքան ավելի շատ ձայն է Նիկոլը հավաքել այդ տարածքում։

Այս ընտրությունը վերածվեց աղքատների ու հարուստների կռվի։ Ամենասուր ձևով դրված էր սեփականության լեգիտիմության հարցը, որը միշտ արդիական է աղքատության բարձր մակարդակ ունեցող պետություններում։

Նիկոլը հատուկ սրեց աղքատների ու հարուստների թեման՝ ներկայանալով որպես աղքատների բարեկամ (և դա այն դեպքում, երբ իր հետ միևնույն հարթակի վրա էր կանգնած ու պատգամավորական նույն ցուցակի մեջ էր Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ թալան–սեփականաշնորհման խորհրդանիշներից ամենավառը)։

Ընտրության ելքը քվեների քանակով էր որոշվելու ու քանի որ աղքատներն ավելի շատ են քան հարուստները, ուստի՝ ընտրության արդյունքների արժանահավատությունը կամ կեղծիքների ֆոնը լեգիտիմացվել էր «էն գլխից»՝ «հարուստ–աղքատ» նեոբոլշևիկյան ոճի թշնամություն հրահրելով։ Ու եթե սրան գումարում ենք նաև նիկոլենց կողմից զուգահեռաբար տարվող քիրվայական քարոզը, ապա ստանում ենք թրքաբոլշևիզմ։

Աղքատները քվեարկել են ոչ թե Նիկոլի օգտին, այլ հարուստների դեմ։ Նիկոլը մուրճը ձեռքն էր վերցրել, որպեսզի աղքատներին համոզի, որ պատժելու է հարուստներին։ Նա պետության գաղափար չէր կարող տալ։ Նա չէր կարող ազդել գիտակցության վրա, ուստի խաղաց մարդկանց բնազդների հետ ու քվեարկությունը տեղափոխեց ենթագիտակցական դաշտ։

Նիկոլն արարելու կոդին հակադրեց ավիրելու կոդը, ինչը միշտ ավելի մեծ պահանջարկ ունի (անգամ լրատվության մեջ բացասական լուրն է գալիս առաջին պլան, քանզի դրա սպառողն անհամեմատ շատ է)։

Աղքատները Նիկոլից կառուցելու սպասելիք չունեին։ Նրանք գիտեին, որ Նիկոլն ապաշնորհ կառավարիչ է։ Աղքատները Նիկոլին քանդելու մանդատ էին տալիս։ Հարուստների կառուցածը քանդելու մանդատ։ Ու քանի որ Հայաստանի հարուստները իրենց անձնական դղյակները կառուցելուց և կասկածելի լեգիտիմություն ունեցող բիզնեսները ստեղծելուց բացի կառուցել էին նաև պետություն (լավ թե վատ, այլ խոսակցության թեմա է), աղքատները Նիկոլի օգտին քվեարկում էին նաև պետությունը նրա ձեռքի մուրճով քանդելու ակնկալիքով։

Նիկոլն Արցախը վերացրեց։ Հիմա անցնում է Հայաստանին։ Նա դրա համար «պողպատե մանդատ» էր մուրում։ Աղքատներն իրենց վրեժը հարուստներից ու Հայաստանից լուծելու համար տվեցին այդ մանդատը Նիկոլին։

Աղքատները վրեժով էին լցված հարուստների, Հայաստանի, Արցախի դեմ, քանզի Սովետի փլուզումն ու անկախ ՀՀ–ն իսկական մղձավանջի է վերածել իրենց կյանքը։

Արցախյան հաղթանակն այդպես էլ լայն զանգվածների սեփականությունը չդարձավ, քանզի նրանց անբարոյական քաղաքական առաջնորդները համոզել էին, որ իրենց վատ ապրելու պատճառը Արցախի հարցի գոյությունն է, հենց որ այն չլինի, «Սերգո ջանը» լավ կապրի։

Հայաստանում դասակարգային թշնամության դոզան այս ընտրություններում գերազանցեց ազգայինին (նախորդ ընտրություններում էլ է այդպես եղել, բայց ոչ այսքան բացահայտ ու թունավոր)։

Նիկոլը համոզում էր «հպարտ» քաղաքացուն, որ թուրքն ու ադրբեջանցին իր թշնամին չեն ու նույնիսկ կարող են բարեկամ դառնալ, իսկ ահա աղքատ ու «հպարտ» հայի հարուստ հայ հարևանը թշնամի է ըստ սահմանման։

Նիկոլի օգտին տված քվեի ու նիկոլիզմի հիմքում չարությունն է, աբիժնիկությունը, նախանձը, ատելությունը, անգրագիտությունը, անհայրանիքությունը, ավերիչ բնազդը։ Բայց հարուստ և իրենց խելացի համարող քաղաքական առաջնորդները ոչինչ կամ գրեթե ոչինչ չարեցին, որպեսզի աղքատին հանեն դասակարգային պայքարի հակապետական կոդից ու արարիչ երկխոսության դաշտ տանեն նրան։

Հարուստները ցույց տվեցին, որ ոչինչ չեն մոռացել, բայց ոչինչ չեն հասկացել ու ոչինչ չեն սովորել։ Դրա համար էլ «հպարտները» սեփականաշնորհվեցին հակապետության խորհրդանիշի կողմից ու քվեարկեցին պետության վերացման օգտին՝ դասակարգային գիտակցությունը վեր դասելով ազգայինից ու պետականից, քանզի ազգայինն ու պետականը սեփականաշնորհածները նրանց համար մնացին անընդունելի։

Հարուստն այդպես էլ օտար մնաց աղքատի համար։ Ժողովրդական լեզվով ասած՝ կուշտը սովածին չհասկացավ, սովածն էլ ատեց կուշտին։

Հիմա մեր երկիրը կանգնած է նոր՝ շատ մեծ մարտահրավերի առաջ։ Ընտրության պաշտոնական տվյալների համաձայն՝ մեծամասնությունը քվեարկել է ՀՀ անկախության դեմ և ընդհանրապես Հայաստանի, Արցախի գոյության դեմ։ Եվ սա այն դեպքում, երբ նման ծրագրեր ունեն մեր ոխերիմ հարևանները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Նիկոլի օգտին քվեարկողները կամա թե ակամա դարձել են թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ, ինչը շատ լուրջ խնդիր է։

Շատ արմատական հետևություններ անելու և բացառիկ կարողություններ դրսևորելու ժամանակներ են գալիս։ Պետությունը միշտ էլ մարդկանց կարող ու գիտակից փոքր խումբն է կառուցել՝ մտավոր, հոգևոր, քաղաքական, քաղաքացիական էլիտան։ Կյանքից չկտրված ու հողին կպած էլիտան։ Մյուսներն օգտվել են դրանից ու ժամանակի ընթացքում դարձել իսկական քաղաքացիներ՝ սոցիալականացվելով, աղքատությունը հաղթահարելով ու լեգիտիմացնելով սեփականությունը։

Նոր մտքի ու ահռելի ջանքերի ներդրման ժամանակներ են եկել։ ՀՀ քաղաքացիների լայն շերտերի հետ անկեղծ, բաց, առարկայական ու մարդկային երկխոսության իրականացման ժամանակներ։ Գիտեմ, որ ծանր է։ Գիտեմ, որ դժվար է, բայց ո՞րն է այլընտրանքը․․․»։