Բաքվի դատարանում դատախազն ընթերցել է 13 հայ ռազմագերիների գործով մեղադրական եզրակացությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, նիստը վարում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, դատավարությանը մեղադրյալներին ներկայացվել են դատարանի կազմն ու պետական դատախազը: Դատարանն այնուհետև մեղադրյալներին բացատրել է նրանց իրավունքները: Դատավորը նշել է, որ նրանք կարող են հրաժարվել ցուցմունք տալուց, բողոքարկել դատարանի կազմի և պետական դատախազի դեմ:

Այնուհետև դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը: Ռազմագերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով:

Դատարանի առջև են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Հերաբյանը, Նարեկ Աղայի Գասպարյանը, Գրիգոր Գագայի Կուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Հաղրամանյանը:

Նրանք մեղադրվում են «ահաբեկչության և դիվերսիայի համար» (չակերտները-Խմբ.): Ըստ ադրբեջանական կողմի` նրանք անցած տարվա նոյեմբերի 26-27-ը հատել են «Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիս-արևմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետև մինչ դոկտեմբերի 13-ը զինված հարձակումներ իրագործել» (չակերտները-Խմբ.):