Երբ հարցումները շոյում են իշխանությունների ինքնասիրությունը, վստահելի են համարվում, երբ չեն գոհացնում, նույն ընկերությանը վարկաբեկում են

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իրականացված հանրային կարծիքի հարցումների ընթացքում հարցին, թե արդյո՞ք ընտրություններն անցկացվել են արդար, թափանցիկ և արտահայտում են ժողովրդի կամքը, մասնակիցների 38,7 տոկոսը պատասխանել է՝ «միանաշանակ՝ այո», 20,1 տոկոսը՝ «ավելի շուտ՝ այո», 18,8 տոկոսը՝ «ավելի շուտ՝ ոչ», 17,9 տոկոսը՝ «միանշանակ՝ ոչ», հարցվածների 4,5 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի օգտին են քնեարկել, հարցվածների 35,8 տոկոսը պատասխանել է՝ «Քաղաքացիական պայմանագրի», 24,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 6,8 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, «Բարգավաճ Հայաստանի» օգտին քվեարկել է հարցվածների 4,4 տոկոս, «Հանրապետություն» կուսակցության՝ 3,2 տոկոսը, «Հայ ազգային կոնգրեսի»՝ 2,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստանի»՝ 2,1 տոկոսը, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի՝ 1,6 տոկոսը, Ազղգային-ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության՝ 1,5 տոկոսը, «5165» շարժման օգտին՝ 1,4 տոկոսը, մյուս ուժերի օգտին, ըստ նշված հարցումների, քվեարկել են հարցվածների մոտ 1 տոկոսը, իսկ 11,7 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին, ոչ մեկի օգտին չի քվեարկել հարցվածների 1,4 տոկոսը։

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման տվյալներ հրապարակեց «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հետընտրական հետազոտությունների արդյունքները և նշելով, որ հարցում իրականացվել է բացառապես ընտրություններին մասնակցած քաղաքացիների շրջանում։ Հարցումներն իրականացրել են հեռախոսով, ընտրանքի ծավալը 1 112 է, հետազոտությունն իրականացվել է հունիսի 23-24-ը։

Արամ Նավասարդյանի համար անհասկանալի է իշխող քաղաքական ուժի հավաքած բարձր ցուցանիշը, քանի որ ոչ միայն իրենց, այլ բոլոր սոցհարցումները հաստատում էին, որ ՔՊ-ն 40 տոկոսից ավելի ձայնի հնարավորություն չունի։ Բայց ստացվեց այնպես, որ այդ ուժը 50-ից ավելի ձայն հավաքեց և վերարտադրվեց։

«Տարբեր ցուցանիշներով մենք գրանցել ենք մոտ տվյալներ, բայց իշխող ուժի դեպքում կտրուկ տարբերություն եղավ, մենք պատասխանատու ենք մեր հարցումների համար և չենք կարող պարզաբանել, թե ինչպես է իշխող ուժը արձանագրել այդ բարձր ցուցանիշը։ Մենք չենք կարող 24-25 ցուցանիշում լինել քիչ թե շատ ճիշտ, երկու անգամ սխալվել իշխող ուժի ցուցանիշի դեպքում։ Թե ինչ է տեղի ունեցել, դա պարզելը մեր իրավասությունների մեջ չի մտնում»,-ասաց Նավասարդյանը։

LIVEnews.am-ի հարցին, թե արդյո՞ք ընկերությունը մտահոգություն չունի, որ այդպիսի պատկերով իրենց հարցումները կհեղինակազրկվեն և վստահելի չեն համարվի, Արամ Նավասարդյանն ասաց, որ ամենևին չի մտահոգվում, քանի որ հարկ եղած դեպքում՝ իշխանությունները հիմնվում են իրենց հարցումների արդյունքների վրա, եթե դրանք շոյում են իրենց ինքնասիրությունը։ Նա հիշեցրեց մեկ տարի առաջ կորոնավիրուսի հետ կապված իրենց իրականացրած հարցումները, որոնց հիման վրա Առաջին հեռուստաալիքը ռեպորտաժ էր պատրաստել, և այդ ժամանակ իրենցից որևէ մեկը չպնդեց, թե Գելափի հետազոտությունները վստահելի չեն, թե այն վաճառված է։ Իսկ պատճառը մեկն էր՝ հարցումների արդյունքները գոհացնում էին իշխանություններին։ Ի դեպ, դեռ մեկ տարի առաջ իշխանությունների վարկանիշի վերաբերյալ հարցումների արդյունքներով՝ «Իմ քայլը» արժանացել էր հարցվածների 55 տոկոսի վստահությանը։ Մինչդեռ մեկ տարի հետո պատերազմում տանուլ տալով և մեր երկրի համար էլի շատ այլ ցավոտ ու ապազգային գործընթացներից հետո, պարզվում է, նույն ուժը գրեթե նույնքան վստահություն ունի, եթե հավատանք ընտրությունների արդյունքներին։

Թագուհի Ասլանյան