Ես ուզում եմ հասկանալ այդ մարդկանց մոտիվացիան, թե ինչի են ասում՝ Սյունիքն էլ տանք, մենակ թե Նիկոլը մնա․ Նաիրա Զոհրաբյան

Ես լսել եմ տոտալ ընտրակեղծիքների մասին, բայց որևէ առարկայական փաստ չեմ տեսել: Ես անհամբեր սպասում եմ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքի ՍԴ դիմելուն, որպեսզի հասկանանք, թե ինչ ծավալի օրինախախտումների և ընտրակեղծիքների հետ գործ ունենք, բայց նաև պետք է հասկանանք մի բան, որ միգուցե պետք չէր հասարակության «նիկոլապաշտ» հատվածին վիրավորել, «իզգոյացնել», որովհետև այդ մարդիկ վախից ավելի կոնսոլիդացվեցին Նիկոլի շուրջ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այսուհետ ես ժողովրդին չեմ մեղադրելու, որովհետև երբ մենք ունենք այնպիսի քաղաքացի, որն ասում է՝ հա, թող թուրքը գա, ինձ սպանի, մենակ, թե Նիկոլը մնա, կարծում եմ, որ այստեղ մենք մեղավորությունն ունենք, մենք այս հասարակությանը ոչ թե պետք է ասենք՝ անկիրթ, փնթի, բոժմ, թուրք, այլ պետք է կրթենք, մենք չենք կարող մեր ժողովրդին տանել ու հանձնել թշնամուն: Մենք ունենք հասարակություն, որի գերակշիռ մասը չի ընկալում անվտանգության խնդիրը, և ինքը մեղավոր չէ, քանի որ իրեն այդպես են կրթել, 30 տարի մեր կրթական համակարգը ոչնչացրել են, այս ժողովրդին սնել են բրազիլական և հետո նաև հայկական սերիալները, նրա միջից հանել են քաղաքացուն, մնացել է միայն միջին վիճակագրական սպառողը»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը ներողություն խնդրեց հասարակության այն զանգվածից, որին վիրավորել է: Նա նշեց, որ միևնույն է, չի հասկանում այդ մարդկանց դիրքորոշումը, բայց չի վիրավորելու և պատրաստ է բոլորի հետ համբերատար աշխատել. «Նիկոլին պետք է դեմ առ դեմ թողնել իր ընտրողների հետ, քանի որ ինչքան ընդդիմությունը խոսում է, այնքան նրանք շահարկում են նախկինների թեզը, և հասարակությունը թուլանում է»:

Վերջինս շեշտեց, որ ժողովրդին վախեցնելով ու վիրավորելով՝ չեն պայքարում նրա ոչ ճիշտ քաղաքական հայացքների դեմ, և նշեց՝ պատրաստ է մարզից մարզ գնալ, գյուղ գյուղ շրջել ու անգամ հանդիպել այն մարդկանց հետ, որոնք իրեն են վիրավորել: «Ես ուզում եմ հասկանալ այդ մարդկանց մոտիվացիան, թե ինչի են ասում՝ Սյունիքն էլ տանք, մենակ թե Նիկոլը մնա: Ես մեծ ակնկալիքներ չունեմ ՍԴ-ից, բայց մենք պետք է պայքարենք մեր պետականության համար, ես լինելու եմ պայքարի առաջնագծում»: