Քոչարյանի և Գևորգյանի գործով դատն ընդմիջվել է անձեռնմխելիության փաստաթղթեր ներկայացնելու համար

Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ մի շարք նախորդ նիստեր հետաձգվել էին տարբեր պատճառներով։

Դատական նիստն սկսվեց դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի ուշացումով։

Դատախազներն ուշացել էին մի քանի րոպե, սակայն դատավորը հասցրեց ընդմիջում հայտարարել։ Եվ անմիջապես էլ շարունակել նիստը։

Դատավորը հիշեցրեց, որ կա հանգամանք, որը խանգարում է գործի քննությանը։ Խոսքը Քոչարյանի և Գևորգյանի կարգավիճակի մասին է, քրեական հետապնդման առումով նրանց անձեռնմխելիության մասին՝ որպես պատգամավորի թեկնածուներ, և պատգամավորի հավանական ապագա կարգավիճակի մասին։ Աննա Դանիբեկյանը փաստեց, որ առայժմ դատարանը ստույգ տվյալներ չունի։

Հիշեցնենք, որ երկու մեղադրյալներն էլ «Հայաստան» դաշինքից պատգամավորների ցուցակում են, Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է ցուցակը։ Այսպիսով, նրանց վրա տարածվում է պատգամավորական անձեռնմխելիությունը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե ինչու է դատարանը կարծում, որ այդ հանգամանքը խանգարում է արդարադատության իրականացմանը։ Դատավորը հիշեցրեց, որ եթե կարգավիճակ կա, պետք է ձեռնարկվեն այն հաղթահարելու քայլեր։ Բայց առայժմ դատարանը նման տվյալներ չունի։

Փաստաբան Արամ Վարդևանյանը առաջարկեց հայտարարել կեսժամյա ընդմիջում, որպեսզի ներկայացնի փաստաթղթերը։ Դատախազ Գև որգ Բաղդասարյանը հայտարարեց, որ քրեական հետապնդումն սկսվել է մինչև ընտրությունները և այս իրավիճակի վրա չի տարածվում։

Դատարանը հայտարարեց կեսժամյա ընդմիջում, որպեսզի պաշտպանության կողմը փաստաթղթեր ներկայացնի։