Բացահայտվել է «դարի գողությունը»․ Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները

Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է կուբիզմի հիմնադիր, իսպանացի նկարիչ Պիկասոյի հայտնի՝ «Կնոջ գլուխ» կտավը և հոլանդացի նկարիչ Պիտ Մոնդրիանի վրձնին պատկանող «Հողմաղացը» կտավը, որոնք 2012 թվականին անհետացել էին Հունաստանի ազգային պատկերասրահից, հայտնում է Greek City Times թերթը։

Պիկասոյի հայտնի՝ «Կնոջ գլուխ» կտավը ստեղծվել է 1939 թվականին: 1949 թվականին նկարիչն այն անձամբ նվիրել է հույն ժողովրդին՝ գերմանական օկուպացիայի ընթացքում նրանց խիզախ դիմադրության համար։

Երկու կտավների գողության մեղադրանքով ձերբակալվել է 49-ամյա հույն տղամարդ։ Այս նկարների գողությունն անվանում էին «դարի գողություն»: Պիկասոյի նկարը գնահատվում է 20 մլն եվրո:

Հայտնաբերված 2 կտավներից բացի՝ գողացվել էր նաև իտալացի նկարիչ Գուիլիելմո Կացիայի կտավներից մեկը, որի մասին պաշտոնական տեղեկատվություն չի եղել։

Թերթը հիշեցրել է, որ կտավների գողությունն արվել է 2012 թվականի հունվարի 9-ին՝ 2 անձանց կողմից, որոնցից մեկն Ազգային պատկերասրահի ալյումինե դուռը կոտրելով ներս է մտել, շրջանակներից հանել կտավներն ու տարել։