Զորակոչից խուսափած անձանց նկատմամբ հայտարարված համաներման կիրառումը. պարզաբանում է փաստաբանը

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել զորակոչից խուսափած անձանց նկատմամբ կիրառվող համաներման մասին:

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով,

2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝

պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:»:

Այս հոդվածով քրեական հետապնդման են ենթարկվում (կան հարուցված քրեական գործեր) բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնցից շատերը գտնվում են արտասահմանում և Հայաստանի Հանրապետություն չէին վերադառնում քրեական պատասխանատվության չենթարկվելու համար:

2021 թվականի մայիսի 19-ին ուժի մեջ  մտավ  «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը: Դրանից  հետո հնարավորություն  ստեղծվեց ծառայությունից խուսափած անձանց համար  վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Ո՞ւմ նկատմամբ է կիրառվում Համաներումը

Համաներում կիրառվում է՝ 2021 թվականի մայիսի 19-ի դրությամբ 27 տարին լրացած շարքային կազմի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ,

2021 թվականի մայիսի 19-ի դրությամբ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ:

Անձինք, ում նկատմամբ հայտարարված է հետախուզում, համաներումը կիրառվում է, եթե նրանք կամովին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում են միչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ո՞ւմ նկատմամբ չի կիրառվում Համաներումը

Համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում կամ դատապարտվել են Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով խուսափելու համար:

Այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում`

ա.      նշանակված պատժաչափը կրճատվել է Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա,

բ. պատիժը կրելուց ազատել են Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա,

գ. քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով սահմանված փորձաշրջանի ընթացքում։

Ինչպե՞ս է կիրառվում Համաներումը

Համաներում կիրառելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին (մեղադրյալը, կասկածյալը, ամբաստանյալը կամ դատապարտյալը) իր գրավոր համաձայնությունը հայտնի վարույթն իրականացնող մարմնին: Այդ նպատակով կարող է ներկայացնել առանձին միջնորդություն կամ դիմում, ինչպես նաև այդ մասին հայտնել ցուցմունքով:

Արտերկրում գտնվող քաղաքացիների պարագայում կարևոր է, որ մինչև Հայաստանի Հանրապետություն վերադառնալը նրանք վարույթն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացնեն, որ կամավոր վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ներկայանան իրավապահ մարմիններին:

Պրակտիկայում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ովքեր հետախուզման մեջ են գտնվում, Ոստիկանության ծառայողներն արգելանքի են վերցնում սահմանը հատելիս, որից հետո քաղաքացին ներկայացվում է վարույթն իրականացնող մարմնին, եթե ընտրված է խափանման միջոց կալանքը, ապա դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոփոխվում է:

Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կիրառել Համաներում, եթե պարզվում է, որ Համաներումը կիրառելուն խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:

Եթե քաղաքացին կարծում է, որ ինքն անմեղ է և դեմ, որ իր նկատամամբ կիրառվի համաներում, ապա գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

Բոլոր դեպքերում անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատ­վության:

Կարևոր է նաև իմանալ, որ անձը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի հատկանիշերով նախատեսված արարքը կատարելու մեջ, և նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում, կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից նաև քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, եթե առերևույթ հանցագործությունը կատարելուց հետո անցել է 10 տարի:

Այլ խնդիրներ, որոնք առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով քրեական հետապնդման ենթարկված անձանց մոտ:

327-րդ հոդվածով քրեական հետապնդման ենթարկվող անձինք, դեռևս հաշվառված չեն պահեստազորում և չունեն զինվորական գրքույկ, շատերի անձնագրի ժամկետն ավարտվել կամ ավարտվում է մի քանի ամսից: Ուստի քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անձը պետք է հաշվառվի պահեստազորում, ստանա զինվորական գրքույկ և դիմի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար:

Այս առումով կարևոր է իմանալ, որ զինվորական գրքույկը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրվում է Զորակոչային և զորահավաքային ծառայության ստորաբաժանումների (զինկոմիսարիատների) կողմից՝

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելիս,

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացուն զինվորական գրքույկ տրվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ՀՀ զինված ուժերի պահեստազորում հաշվառվելիս:

Ընդ որում, մինչև պահեստազորում հաշվառվելը անձը պետք է անցի բժշկական հետազոտություններ՝ պարզելու համար պիտանի է զինվորական ծառայությանը՝ թե ոչ:

Քրեական գործի, ՀՀ զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու և զինվորական գրքույկ ստանալու համար լրացուցիչ տեղեկությունների կամ խոչընդոտների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել փաստաբանի, ներառյալ՝ մինչև ՀՀ վերադառնալը:

Մարտիկ Մարտիրոսյան
Իրավաբան, փաստաբան