ՀԱՊԿ-ը տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին

ՀԱՊԿ-ը տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Եթե Տաջիկստանը դիմի ՀԱՊԿ-ին, ապա կազմակերպությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նախատեսված օգնություն կցուցաբերի, որը կարող է լինել և՛ քաղաքական, և՛ ռազմական և՛ ռազմատեխնիկական։ Առայժմ Տաջիկստանը ՀԱՊԿ-ին չի դիմել»,- ասել է նա։

Իրադրությունը սահմանագծին սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։

Հայտնի է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տաջիկա-աֆղանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ օրերս կայցելի Տաջիկստան։