Ապագայում մենք ունենալու ենք Ադրբեջանի դեմ վճիռներ․ Արա Ղազարյան

«Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող, ինչպես նաև նման դատավարությունները երբեք չեն կարող լեգիմիտացվել»,- «Հայ ռազմագերիների վերադարձը՝ նրանց մեղադրանք առաջադրելուց հետո. ի՞նչ հնարավորություններ կան» թեմայով «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նա մանրամասնեց, որ այս պահին աշխատում է Կարեն Ղազարյանի գործի վրա, տեսնում է, թե Ադրբեջանն ինչ լուրջ խնդիրների առջև է կանգնած՝ ՄԻԵԴ-ին համոզելու, որ դատավարությունն արդար է եղել։

«Նախ և առաջ դրանց չեն մասնակցում նրանց հարազատները, ուստի կարող ենք ասել, որ խախտված է հրապարակային դատավարության իրավունքը։ Մանվել Սարիբեկյանի գործով Եվրոպական դատարանն ասել է, որ թեև դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց Ադրբեջանը պարտավոր է համագործակցել Հայաստանի հետ քրեական գործի շրջանակներում։ Բացի այդ, Ադրբեջանը պարտավոր էր տրամադրել կապի միջոցներ, որպեսզի նրանք շփվեն իրենց հարազատների հետ։ Սա որպես մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի բաղկացուցիչ մաս»,-ասաց Ղազարյանը։

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց, որ Սարիբեկյանի գործով Ադրբեջանը դրանք չի արել, ինչի հետևանքով ՄԻԵԴ-ն արձանագրեց խախտումներ։

«Պարզ է, որ մյուս գործերով նույնպես ՄԻԵԴ-ը հետ չի կանգնելու, չի շեղվելու նախադեպային իրավունքից։ Այսինքն, երբ հարազատները նույնիսկ նվազ մասնակցություն չունեն գործին, դա արդեն էական խախտում է, էլ չեմ ասում՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են մեղադրյալները նստած մի շարքով։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա փաստաբան, նստած լինեն առանձին, ինչպես նստած էին Ասկյարովն ու Մամեդովն Արցախի դատարանում, նրանք իզոլացված չէին, փաստաբանները նրանց կողքին նստած էին»,-ասաց նա։

ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործերով հաջողության հասած փաստաբանն ընդգծեց, որ քրեական իրավունքի մասնագետները գիտեն, թե ինչքան կարևոր է, որ մեղադրյալը նստած լինի իր պաշտպանի կողքին, ամեն րոպե հաղորդակցվի նրա հետ։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Բաքվում, դատավարություն չէ, իմիտացիա է, քանի որ մենք չենք տեսնում պրիմիտիվ պայմանների ապահովում։ Մենք չգիտենք, թե նրանք օգտվել են հակընդդեմ հարցման իրավունքից։ Դա չափազանց կարևոր իրավունք է, նրանք իրավունք ունեն հարցաքննելու ցուցմունք տված վկաներին։ Մի խոսքով, գոյություն ունի մեղադրանքից պաշտպանվելու առնվազն հիմնարար իրավունք, որոնցից յուրաքանչյուրի խախտումը դատավարությունը դարձնում է ոչ իրավաչափ։ Հասարակությունը չի կարող ոչ իր, ոչ միջազգային հանրությանը, էլ չեմ ասում Եվրոպական դատարանին ապացուցել, որ այս իրավունքները տրամադրվել են։ Չի էլ կարող տրամադրել, քանի որ հենց այդ իրավունքները տրամադրվեն, գործը փլվելու է, պարզվելու է՝ այն սին է, լեգենդ է, առոչինչ փաստերի վրա կառուցած ինչ-որ պատմություն է»,-ասաց միջազգային իրավունքի մասնագետը։

Արա Ղազարյանն ասաց, հիմա Ադրբեջանը կանգնած է դիլեմայի առջև, մի կողմից հասկանում է, որ պետք է այդ իրավունքներն ապահովի, մյուս կողմից էլ հասկանում է, եթե այդ իրավունքները տրամադրեց, բոլորը հասկանալու են, որ մեղադրանքները կեղծ են։

«Ահա այս պատճառով Ադրբեջանը շտապում է այս դատավարությունն ավարտին հասցնել, որքան ձգձգի, այնքան իրավիճակն իր դեմ է աշխատելու։ Ահա այս դիլեման Ադրբեջանը չի կարող լուծել, ապագայում մենք ունենալու ենք Ադրբեջանի դեմ վճիռներ, որոնք գուցե լինեն այն ճնշող մեխանիզմը, որով որոշվի այդ մարդկանց արտահանձնել Հայաստանին»,-ասաց փաստաբանը։

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանի խոսքով էլ Բաքվում տեղի ունեցող գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը այսօր տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմաբ մինչ օրս Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ»։