Կլինիկական օրդինատորի առաջարկած լուծման շնորհիվ զինծառայողի ձեռքը փրկել է անդամահատումից

Արտակ Գոքորյանը Ջավախից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան տեղափոխելով մարտի դաշտում վիրավորված հայրենիքի պաշտպաններին:

Այս մասին գրել է ԵՊԲՀ-ը։ Հիշարժան դեպքերը ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անոթային վիրաբուժության 2-րդ կուրսի կլինիկական օրդինատորի պատերազմում անցած փորձառության ընթացքում քիչ չէին, բայց ամենից շատ տպավորել էր զինծառայողներից մեկի պատմությունը, որին տեսել է Վարդենիսի հոսպիտալում, վիրահատական սեղանին՝ ակամա մասնակցելով վիրահատությանը:

«Զինծառայողը ստացել էր աջ վերին վերջույթի հրազենային բեկորային վիրավորում, ինչի արդյունքում ունեինք բազկի շրջանի պատռված, ջնջխված վերք՝ նյարդանոթային խուրձի վնասումով, բազկային զարեկակի դեֆեկտ՝ մոտ 10 սմ: Վերջույթի իշեմիայի աստիճանը գնահատելուց հետո՝ անմիջական կապ եմ հաստատել իմ ավագ ղեկավար Արա Ֆիլիպի Ավետիսյանի հետ: Վերջույթի արյունամատակարարումը վերականգնելու և անդամահատումից խուսափելու նպատակով՝ առաջարկեցի ներքին շունտ տեղադրել և հիվանդին շտապօգնության  մեքենայով տեղափոխել Երևան»,- պատմում է կլինիկական օրդինատորը: Արդյունքում նրա առաջարկած լուծման շնորհիվ  հաջողվել է ռետինե խողովակի օգնությամբ ժամանակավոր վերականգնել զարկերակային դեֆեկտը, և վիրավորին տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, որտեղ արդեն զինվորականը համալսարանական բժիշկների կողմից վիրահատվել է, հեռացվել է արհեստական ներքին շունտը և զարկերակային անբողջականությունը վերականգնվել է մեծ ենթամաշկային երակը՝ վերցված ստորին վերջույթից:

Արտակը նշում է, որ նման միջամտություն և անգամ վիրահատություն հնարավոր էր կատարել նաև Վարդենիսում, սակայն վիրավորների մեծ հոսքը, ժամանակի, գործիքակազմի սղությունն արհեստավարժ թիմին հնարավորություն չէին տալիս երկար ժամանակ կենտրոնանալ վիրավորների վրա, քանի որ սպասման մեջ էին շատերը, որոնց ևս պետք էր անհապաղ բժշկական օգնություն տրամադրել:

«Անգամ անդամահատում կատարելու դեպքում էլ վիրավորի կյանքին վտանգ չէր սպառնա, սակայն մենք քննարկեցինք և ընտրեցինք այն տարբերակը, որը հնարավորություն տվեց պահպանել նրա ձեռքը, կյանքի որակը» – մանրամասնում է ԵՊԲՀ սովորողը:

Ընդգծում է, որ վիրավորում ստացած զինվորականը, որը ջոկի հրամանատար էր Արցախում, խոստովանել էր, որ աջ ձեռքով դեռևս պատրաստվում է զենք բռնել, հետևաբար այն ամպուտացնելը չէր կարող լինել ամենալավ որոշումը:

Վիրահատությունից հետո կլինիկական օրդինատորը պահպանում է կապը պացիենտի հետ, որին օգնելու համար մասնագիտական ճիշտ որոշում է առաջարկել: Ձեռքի վիրահատությունից հետո կատարվել են նաև պլաստիկ միջամտություններ. անցնում է վերականգնողական բուժում:

Արտակ Գոքորյանը մինչև պատերազմի վերջին օրը շարունակել է ակտիվ մասնակցություն ունենալ վիրավորների տեղափոխման գործին:

Խոստովանում է, որ երբեմն ունեցել է զգացում, որ հնարավոր է չվերադառնա, երբեմն հակառակորդի կրակահերթի ձայնը շատ մոտ էր, սակայն բոլոր դեպքերում իրենց հաջողվել է կատարել մասնագիտական առաջադրանքն ու վիրավորներին հասցնել մասնագիտացված բժշկական հաստատություններ:

«Պատերազմից հետո կյանքն իհարկե փոխվել է, և ինչպես ցույց տվեց փորձը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը գործի կեսն է: Սարսափելի մեծ դաս էր, թե՛ մասնագիտական, թե՛ կյանքի առումով,  որը չեմ ցանկանա մեր հետագա սերունդն անցնի կամ առնչվի նման փորձի հետ»,- նկատում է նա:

Պատերազմական և խաղաղ պայմաններում առաջնորդվել է դիմացինին առավելապես օգնելու սկզբունքով:

Ընդգծում է, որ յուրաքանչյուր մարդու մոտ, առավել ևս բժիշկների, պատասխանատվությունը սեփական խղճի առաջ ահռելի մեծ է:

Անոթային վիրաբուժությունն ընտրել է՝ սիրելով, հաշվի առնելով բժշկագիտության այս ուղղության արդիականությունը, երբ գործ ես ունենում վերջույթը պահպանելուց մինչև կյանքը փրկելու նուրբ սահմանագծի հետ: