Խաղաղության համաձայնագիր թշնամու հե՞տ. գինը Արցախն ու Սյունիքն է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն է:

ԵՄ դեսպանները վերջերս տարածաշրջանում էին. նրանք նախ եղան Բաքվում, հետո այցելեցին Երևան: Բաքվում Ալիևը նրանց հստակ ասել էր․ եթե տարածաշրջանում պատերազմ չեք ուզում լինի, ուրեմն Հայաստանը պետք է ստորագրի խաղաղության համաձայնագիր: Ալիևը դեսպանների առաջ դրել է Ադրբեջանի շահերց բխող կոնկրետ առաջարկներ:

Բոլորվին այլ պատկերի ականատես եղանք Երևանում: Նիկոլ Փաշինյանը ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ խոսեց ժողովրդավարության հաղթանակից, շեշտեց, որ «Հայաստանում տեղի ունեցած ընտրություններով մեր ժողովուրդը հաստատեց իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին»: Դեսպաններն էլ իրենց հերթին շնորհավորեցին նրան, ասելով՝ «հաղթեց ժողովրդավարությունը»:

Տարօրինակ չէ՞, երբ ժողովրդավարության հաղթանակից են խոսում դաժան պարտություն կրած երկրում, 5000-ից ավելի զոհեր տված ու տարածքներ կորցրած երկրում։

Ժողովրդավարական Արևմուտքը, ի դեպ, 44 օր աչք փակեց ու դրանով թույլ տվեց, որպեսզի բռնապետական Ադրբեջանը անտեսի ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը, և ժողովրդավարական Հայաստանին հասցնի կապիտուլյացիայի:

Ժողովրդավարության հաղթանակից են խոսում մի երկրում, որի սուվերեն տարածք է ներխուժել թշնամին ու հեռանալու ցանկություն չունի, մի երկրում, որի զինվորներին թշնամին ուզած ժամանակ գերի է վերցնում, ու հետո դատում որպես ահաբեկիչների:

Այնպես որ, խոսել և ցնծալ ժողովրդավարության հաղթանակից՝ ծաղր է ուղղված թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին:

Իսկ ժողովրդավարության հաղթանակ ասվածը, ըստ Փաշինյանի ու ԵՄ դեսպանների, Նիկոլ Փաշինյանի ու նրա անհայրենիք թիմի հաղթանակն է, և ուրիշ ոչինչ: Խնդիրն այն է, որ այդ հաղթանակը ոչ մի առնչություն չունի Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հետ:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: