Մերկելն առաջարկել է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ երկրներ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի թույլ չտրվի կորոնավիրուսի հնդկական շտամի տարածումը, որն անվանում են նաև «դելտա», տեղեկացնում է RG-ը։

Երկուշաբթի Մերկելն այս հարցը կքննարկի գործընկերների հետ։ Նա կարծում է, որ Միացյալ Թագավորությունը պետք է հայտարարվի երկիր, որն «անհանգստություն է հարուցում», իսկ բրիտանացիներին թույլ չտալ մտնել ԵՄ երկրներ։ Ընդ որում՝ արգելքը կարող է վերաբերել ինչպես չպատվաստված, այնպես էլ պատվաստված քաղաքացիներին։

Times թերթը գրում է, որ Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը, Մալթան և Պորտուգալիան հազիվ թե աջակցեն Գերմանիային։ Առաջարկվող միջոցները չափից ավելի արմատական են։ Միևնույն ժամանակ, դելտա շտամը, որը վերջերս հայտնվել է Հնդկաստանում, արդեն հայտնաբերվել է աշխարհի 85 երկրներում։ Այն հայտնաբերվել է անգամ Ավստրալիայում, որն անցած տարվա մարտին փակել էր սահմաններն օտարերկրացիների առջև։