Պլաստիկի վերջի սկիզբը․ ՄԱԿ-ը մտադիր է գլոբալ արգելք սահմանել թունավոր քիմիական նյութի կիրառման համար
ՄԱԿ-ը մտադիր է դիմել լուրջ քայլի ու գլոբալ արգելք սահմանել թունավոր քիմիական նյութի կիրառման համար, ինչը, ըստ գիտնականների, կազդարարի պլաստիկի վերջի սկիզբը, գրում է Daily Mail-ը` մանրամասնելով, որ խոսքը UV-328 քիմիական բաղադրիչի մասին է: Այն լայնորեն կիրառվում է պլաստիկ փաթեթավորման մեջ` չնայած, որ պոտենցիալ ռիսկ է մարդու առողջությանն ու վայրի բնությանը:
Եվրոպական կարգավորիչները UV-328 քիմիական բաղադրիչը համարում են «շատ մտահոգիչ», քանի որ այն կարող է վնասել լյարդն ու երիկամները: Այն կենսակուտակային է, ինչը նշանակում է, որ մարդիկ և վայրի բնությունն այն կլանում են ավելի արագ, քան իրենց մարմիններն ազատվում են դրանից:
Սակայն քիմիական ոլորտի հսկաները փորձում են խոչընդոտել արգելքին, ինչի մասին պարզել են Daily Mail-ն ու Greenpeace-ը: Օրինակ` ExxonMobil և Shell ընկերությունները մտավախություն ունեն, որ բաղադրիչի արգելքը նախադեպ կդառնա նաև այլ պլաստիկ հավելումների համար:
Գիտնականները, որոնք կողմ են արգելքին, նշել են, որ դա բեկումնային պահ կլինի` ազդարարելով պլաստիկի կիրառման ավարտի սկիզբը, քանի որ UV-328-ն էական բաղադրիչ է պլաստիկ իրերում: