Կշարունակենք, թե ոչ, այդ հարցի պատասխանը կստանանք վարչապետի հետ հանդիպումից հետո․ գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

Մենք ուզում ենք, որ հայ ազգը տեսնի անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների վիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

«Այժմ մենք սպասում ենք, որ մեզ պատասխան տան, մենք հանդիպեցինք վարչապետի օգնականի հետ, բայց կոնկրետ չասաց՝ մեզ կընդունեն, թե չէ: Մենք այստեղ պատրաստվում ենք սպասել մինչև մեզ ընդունեն»,- նշեց Եղիշե Զաքունցը:

Ակցիա իրականացնող ծնողներից մեկն ընդգծեց, որ նրանց հետագա գործողությունները կախված են վարչապետի հետ հանդիպումից:

«Կշարունակենք, թե ոչ, այդ հարցի պատասխանը կստանանք վարչապետի հետ հանդիպումից հետո, կտեսնենք նրա պատասխանը, եթե մեզ գոհացնի, ապա շատ լավ, չի գոհացնի, կշարունակվի ու ավելի շատ»,- նշեց նա:

Ծնողները նաև մեկնաբանեցին կառավարության կողմից հանձնաժողով ստեղծելու հարցը, որը պետք է զբաղվի անհետ կորածների և գերիների հարցերով և ընդգծեցին՝ ինչու՞ չէր բացվել այդ հանձնաժողովը 9 ամիս առաջ:

«Մենք ոչնչի մասին տեղյակ չենք, թե ինչ հանձնաժողով է ստեղծելու, ինչ իրավասություններ ունի այդ ստեղծվելիք հանձնաժողովը, ինչ ձևաչափով է լինելու, մենք ներգրավված ենք լինելու, թե ոչ: Մենք ոչ մի տեղեկություն չունենք, բայց կարծում ենք՝ հանձնաժողովի ստեղծման իմաստ չկա, եթե երկրի ղեկավարը չի կարողանում ոչ մի հարց լուծել, ապա հանձնաժողովը ի՞նչ պիտի անի»,- նշեց Արևշատյան Էդիկը: