Հունիսի 28-30-ը Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն

razm.info–ի տեղեկացմամբ, հունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվելու է մոտ 600-հոգանոց անձնակազմ։

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված է լինելու շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 20 հրետանային միջոց և ականանետ, 7 միավոր մարտական ​​և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 միավոր անօդաչու թռչող սարք, մոտ 50 ավտոմեքենա։

Զորավարժության հայտարարված նպատակը մարտական ​​գործողությունների ընթացքում երկու երկրների բանակային ստորաբաժանումների փոխգործակցության բարելավումը, հրամանատարական կազմի` ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումն է։

Նշվում է, որ զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։